«Օրենքով գող» Մերաբ Քալաշովին երեկվանից պահել էին «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնում: Վերջինիս ցանկանում էին արտահանձնել Ֆրանսիային: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանը նշեց, որ իր պաշտպանյալին մի քանի ժամ չի կարողացել տեսակցել՝ անհասկանալի պատճառաբանություններով:

«Նրան առևանգել էին, չկար դատարանի որոշում: Ես անգամ չկարողացա իմ պաշտպանյալին տեսնել, քանի որ տարբեր պատճառաբանություններ էին բերում, առանց ասելու անգամ, թե որտեղ է իմ պաշտպանյալը, գնացել եմ քրեական վարչություն և հիվանդանոց, ի վերջո տեսա, որ գտնվում ա գծային վաշտում»,- նշեց պաշտպանն ու հավելեց՝ իր պաշտպանյալին բռնության են ենթարկել. տեսակցելիս նրա դեմքին և մարմնի տարբեր հատվածներին հայտանաբերել է կապտուկներ, ունի ոտքի մատի կոտրվածք, սակայն ժամերով բժիշկ չեն կանչել:

«Սահմանադրության օրը սահմանադրությունը ոտնահարվեց, ոչ մի բժշկական միջամտություն չեղավ, սակայն Ֆրանասիան այս հարցում ավելի բարեխիղճ կգտնվի: Իմ պաշտպանյալը ժամը 09:10-ին մեկնեց երկրից, ժամանելուց հետո անմիջապես կզբաղվեն նրա առողջական խնդրով, կտեղափոխեն հիվանդանոց»,-ասաց Մելքոնյանը: