«Կովերի անկման հանգամանքով բարձրացված աղմուկը գյուղացիների անգրագիտության, ոչ մասնագետ-խորհրդատուներին լսելու արդյունք է: Հարցին արձագանքեցին նաև Սննդի ապահովության տեսչության պետը, Անասնաբուժական ծառայության ներկայացուցիչները: Պարզվեց, որ անկած անասունները մտել են առվույտի դաշտ և չափից շատ առվույտով կերել, այնուհետև իջել են ջուր խմելու, ճանապարհին սատկել են: Կենդանիներին ոչինչ չէր լինի, եթե մոտակայքում անասնաբույժ լիներ և արագ օգնություն ցույց տար: Երբ նրանց մորթել են, տեսել են, որ ուռած են եղել և ստամոքսի ամբողջ պարունակությունը եղել է առվույտ»,- Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը՝ անդրադառնալով օրերս տարածված տեղեկություններին, թե Սևանա լճից ջուր խմելու հետևանքով կովեր են անկել:

Ինչ վերաբերում է Սևանա լճի «ծաղկման» պատճառներին. մասնագետների պնդմամբ այն իշխանության անգործության ու հանցավոր գործունեության հետևանք է: Նրանք խնդրի առաջացման 3 պատճառ են նշում. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանետում լիճ:

Անդրադառնալով այս խնդրին «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ հանրային լողափերում որևէ վտանգ չկա, կապտականաչ ջրիմուռները կուտակվում են խորշերում, որտեղ խորհուրդ չի տրվում գնալ: Սակայն նկատեց՝ ինչպես այս, այնպես էլ նախորդ տարի եղել է ջրիմուռների բուռն աճ. «Ջերմաստիճանի բարձրացման, 92 համայնքների կոյուղագծեր չունենալու, ջրի բարձրացման արդյունքում անտառային զանգվածի՝ ջրի տակ հայտնվելու հետևանքով այսպիսի երևույթներ են նկատվում:  Տարբեր գործոններ կան, որոնց հետևանքով մեծ քանակությամբ հող և օրգանական նյութեր են հայտնվում լճի տակ: Տեղի են ունենում բնական երևույթներ, որի միջոցով լիճն ազատվում է օրգանական նյութերից: Բնությունն ինքնամաքրվում է, բայց կանխել հնարավոր է, ինչը կախված է մեզանից և մեր ազգաբնակչությունից, որոնք ուղիղ ազդեցություն են գործում Սևանա լճի վրա»,- ասաց նա: 

Նշենք, որ անցած տարի ևս Սևանա լճի ջրի հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել, մարդկանց խուճապից դուրս հանելու և սեփական փորձով ապացուցելու համար, որ ջուրն անվտանգ ու մաքուր է, «Սևան» ազգային պարկի տնօրենը հրապարակավ խմեց լճի ջրից: Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, թե նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչը Գուլանյանը հերքեց։ Նշենք՝ նրա օրինակին էին հետևել նաև ֆլեշմոբի այլ մասնակիցներ։

Հետաքրքրվեցինք՝ կրկին պատրա՞ստ է լճից ջուր խմել՝ ապացուցելու, որ ջրի հետ ամեն ինչ նորմալ է, Գուլանյանը դրական պատասխան տվեց. «Միանշանական պատրաստ եմ: Բայց կարծում եմ՝ էֆեկտը ավելի թույլ կլինի: Մեկ անգամ ապացուցելը հերիք է, որ մեր հետազոտության տվյալները ճիշտ են և հստակ պատկերացնում ենք՝ ինչ է կատարվում լճում»,- եզրափակեց Վահե Գուլանյանը: 

Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը, որպես ստեղծված իրավիճակից լուծում, կառավարությանն առաջարկել է Սևանա լիճ լցվող շուրջ 3 տասնյակ գետերի հուների մաքրման ծրագիր։ Կառավարությունը, Էրիկ Գրիգորյանի խոսքով, նախնական համաձայնություն տվել է այդ առաջարկին, և այժմ ծախսերի հաշվարկ է իրականացվում։

Սոնա Հարությունյան