Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ստացել է ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործը՝ ըստ Արթուր Ասատրյանի մեզադրանքի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Այստեղից տեղեկանում ենք նաև, որ գործը դեռևս որևէ դատավորի չի մակագրվել։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Ասատրյանը 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ 3 անձանց՝ Վազգեն Ալեքսանի Ղազախեցյանի, Արտակ Արարատի Այվազյանի և Արկադի Հրաչիկի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:

Նշենք, որ Արթուր Ասատրյանին մեղսագրվում է ծանր հանցավոր արարքի կատարում՝ նախատեսված ՀՀ քր. Օր-ի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը»)։

Հիշեցնենք նաև՝ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։ Նշենք, որ Ասատրյանն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը։