Լոռու մարզի Քարինջ գյուղում երեկ' հուլիսի 7-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ընտանիքի անդամները կախված են գտել 35-ամյա տղամարդուն:

ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում Լոռու մարզի Քարինջի համայնքապետ Նորիկ Մկրտումյանը նշեց, որ տղամարդը տարիներ առաջ հոգեկան խնդիրներ է ունեցել։ Գյուղապետի փոխանցմամբ նրան ծառից կախված է գտել նրա եղբայրը։

«Հանգիստ, նորմալ մարդ էր, ոչ մի խնդիր չի ունեցել, ընտանիքը հաշտ ու համերաշխ է եղել։ Ոչ ոք չգիտի՝ ինչն է պատճառը։ Տնից դուրս է եկել, հետո թելով ծառից կախված են գտել, ինքը մտածված թելը տարել է ու գնացել է այդ քայլին»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ մահացած տղամարդը 4 տարեկան աղջիկ ունի։

Ավելի վաղ ոստիկանություն հայտնել էին․ «Ալավերդու ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ արձանագրվել է Լոռու մարզի Քարինջ գյուղի 1983 թվականին ծնված բնակչի մահը: Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13:00-ին Քարինջ գյուղին հարակից «Պնդի հողեր» կոչվող հանդամասից դեպի ձոր տանող ճանապարհի ծառի ճյուղից պոլիմերային պարանով պարանոցից կախված վիճակում հայտնաբերվել է 1983 թվականին ծնված տղամարդու դի»։