Սևանա լճի մակարդակի չբարձրանալու համար կան մի քանի բաղադրիչներ: Դրանցից մեկն այն է, որ Ջրային կոմիտեի կողմից ջրառի պահանջարկը եղել է շատ ավելի մեծ: Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին:

Աբրահամյանը նկատեց, որ տարիներ շարունակ թեև պետբյուջեից ափամերձ տարածքների մաքրման համար հսկայական գումարներ են ներդրվել, սակայն աշխատանքները նորմալ չեն կատարվել: Նա նկատեց, որ 2012-ից ի վեր լճի մակարդակի զգալի բարձրացում ևս չէր եղել:

«Սևանա լճի մակարդակը թե ինչու չէր բարձրացել, մի քանի բաղադրիչներ կային: Մեկը, որ ջրառի պահանջարկը Ջրային կոմիտեից եղել է շատ ավելի մեծ: Քրեական գործեր են հարուցվել ջրօգտագործող կազմակերպությունների նկատմամբ՝ 2.8 մլրդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու և կեղծ պայմանագրեր կնքելով լրացուցիչ ջրառի առաջարկ ներկայացնելու համար»,- ասաց Գրիգորյանն ու հույս հայտնեց, որ գործի արդյունքում որոշակի բաներ կբացահայտվեն:

Նա նաև նշեց, որ ափամերձ տարածքների մասով վերլուծություն կատարել են, ուղարկել են դատախազություն, որը նույնպես որոշակի գործողություններ կիրականացնի:

Նախարարը նշեց, որ մաքրման ենթակա ափամերձ տարածքների մաքրումը կիրականցնեն այս և առաջիկա երկու տարվա ընթացքում՝ ավելի մեծ ծավալներով: Այդ հարցը քննարկել են վարչապետի աշխատակազմի հետ: