Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր մեկնարկել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը և այս պահին կատարվում է Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամի ընտրության քվեարկությունը։

Նիստի օրակարգային հարցերից են Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը և Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակի քննարկումը։ Նշենք, որ վերջինս հայտարարել էր ինչպես ՍԴ-ում ճնգնաժամի, այնպես էլ կազմի փոփոխության անհրաժեշտության մասին։

11 թեկնածուներից 3-ին դատավորները կընտրեն քվեարկության օգնությամբ: ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերում ընդգրկվելու համար իրենց թեկնածությունն են ներկայացրել Դավիթ Բալայանը, Անահիտ Թումանյանը, Վահե Խալաթյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Վարդուհի Հովնանյանը, Սիմիզար Հովսեփյանը, Արգիշտի Ղազարյանը, Մեսրոպ Մակյանը, Սուրեն Մնոյանը, Ռուբեն Վարդազարյանը և Ելենա Քոչարյանը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով' Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հունիսի 27-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ ընտրվելու իրավունք ունեցող ՀՀ առաջին ատյանի թվով 77 դատավորի: Առաջին ատյանի դատարաններից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների 66 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա, ԲԴԽ 5 անդամ հրաժարական տվեց․ նրանք են՝ Սերգեյ Մեղրյանը, Արմեն Բեկթաշյանը, Արմեն Խաչատրյանը, Գևորգ Դանիելյանը և ի վերջո ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: Ենթադրվում էր, որ իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ դատավորների վեթինգի գործընթա­ցը պետք է իրականացնի Բարձրագույն դատական խորհուրդը․ ասվել է՝ լավ կլինի, որ ԲԴԽ անդամնե­րը հրաժարական տան և գնան:

Իսկզբանե կանխատեսելի էր, որ ԲԴԽ անդամների՝ իրար հետևից հրաժարականները հանգեցնելու են այլ կազմով Բարձրագույն դատական խորհուրդ ունենալու։ Ոմանց կարծիքով՝ թեև դրա անհրաժեշտությունը կա, սակայն դա չի նշանակում, որ կունենանք նախորդից ավելի լավ ԲԴԽ։ Իսկ հրաժարականների շքերթն էլ, ենթադրվում էր, որ ամենևին պատահական չէր և ուղղորդվում էր իշխանության կողից։

Նշենք, որ քննադատություն եղավ նաև այն առումով, որ նախքան այդ իշխանությունը պետք է ներկայացներ իր տեսլականը, թե ինչպես է տեսնում ԲԴԽ անդամների թեկնածուների ընտրության մեխանիզմը, որից հետո միայն կարելի էր իրավիճակը գնահատել դրական կամ բացասական։

Հետաքրքրականն այն է, թե ինչու ԲԴԽ անդամների միայն մի մասը հրաժարական ներկայացրեց, մյուսները՝ ոչ։ Մնացողների կազմում են Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը: Ըստ մամուլի՝ ՀՀ քաղաքա­ցիական վերաքննիչ դատարանի դատավոր Անի Մխիթարյանի և իրավաբան-գիտնական Հայկ Հովհաննիսյա­նի պարագայում մնալու պատճառը պարզ է․ Մխիթարյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակ­ցության ղեկավար Լիլիթ Մակունցի ընկերուհին է, իսկ Հովհաննիսյանն այն դատավորն էր, որը չէր համաձայնել ԲԴԽ այն որակման հետ, թե Փաշինյանի՝ դատարանների շենքերը շրջափակելու կոչը դատարաննե­րի աշխատանքի խոչընդոտում է:

Թե ինչ հանգուցալուծում կստանա ԲԴԽ անդամների ընտրությունը, հայտնի կդառնա քիչ անց։