Վերջին օրերի ընթացքում «Իմ Քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ իրենց ասուլիսներով, հրապարակային հայտարարություններով ավելի լուրջ կասկածներ առաջացրին թավշյա հեղափոխության սիրո և հանդուրժողականության բնույթի վերաբերյալ, քան բոլոր «սև», «հակահեղափոխական» ուժերը միասին վերցրած: Բանը հասել է նրան, որ ժողովրդի ընտրյալները, արխային լինելով իրենց պաշտոնների համար, սկսել են բացահայտ կերպով հեգնել և վիրավորել հանրությանը, այն նույն ժողովրդին, որը նրանց մեկ տարի առաջ բերեց իշխանության, այն նույն ժողովդրին, որի անունից ամեն պատեհ և անպատեհ պահի իմքայլականները խոսում են, այն նույն ժողովրդի, որի ծառան իրենք իրենց անվանում են: Իրականությունը սակայն փոքր ինչ այլ է:

Օրինակ՝ երեկ իշխող ֆրակցիայի պատգամավորներից Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորելով, իր խոսքով ասած, «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։ Արեն Մկրտչյանը, մասնավորապես, իր գրառման մեջ նշել էր․ «Այսպես կոչված շոու բիզնեսի ներկայացուցիչներ կան, որոնց ասում են հարկ վճարեք, ու որոնք մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել։ Իրենք բյուջե ծամած որոշների հարևանի ծանոթի չայ դնողի թան սարքողի ծնունդին 20.000 դոլարով 4 երգ են երգել ու բյուջե 1 լումա չեն վճարել, ճակատներին էլ վաստակավորի կոչում են դակել։ Հետո իրենց ընտրությունից ընտրություն կանգնեցրել են Սերժի պաստառի տակ ու ասել բացականչե՛ք «անվտանգություն ու առաջընթաց»,- գրել է Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Արեն Մկրտչյանը, մինչ պաշտոն ստանալը, աչքի է ընկել իր բուռն, հայրենանվեր քաղաքական գործունեությամբ, օրինակ՝ հենց նա էր հեղափոխության օրերին ազատության հրապարակում Չեբուռաշկայի հագուստով նմանակում Սերժ Սարգսյանին: Այնուհետև, ստանալով այդքան բաղձալի՝ վարչապետի օգնականի պաշտոնը՝ հետաքննություն էր նախաձեռնել Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ, ՀՔԾ-ն ուշի ուշով ուսումնասիրեց Մկրտչյանի տրամադրած նյութերը, սակայն այդպես էլ որևէ ընթացք գործին չտրվեց, թե ինչու, դատեք ինքներդ: Եվ այսօր Արեն Մկրտչյանը, ում քաղաքական կարիերայի միակ «ձեռքբերումը» չհիմնավորված փաստեր հավաքելն ու Չեբուռաշկայի դեր տանելն էր, հաթաթա է տալիս շոուբիզնեսի ներկայացուցիչներին, որոնց շրջանում կան վաստակավոր արտիստներ, մարդիկ, ովքեր իրենց արվեստով ավելի շատ բան են արել Հայաստանի համար, քան Արեն Մկրտչյանը և իր ողջ ֆրակցիան միասին վերցրած:

Մեկ այլ մտքի «գոհար» էլ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Իմ Քայլ»-ի պատգամավոր Բաբկեն Թունյանը: Վերջինս, չգիտես՝ ինչու, ենթադրել է, որ Սևանի համար օրհասական այս պահին իր ոչ մասնագիտական կարծիքը կարող է որևէ մեկին հետաքրքել և լճի ճահճացման սենսացիոն տարբերակ է առաջարկել: «Ոնց գցում-բռնում եմ, պատճառը «թարախն» է՝ նեգատիվը, սուտը, որ ուղղորդված ու հետևողականորեն բաց է թողնվում վերջին ամիսներին։ Ու շատ զարմանալի է, որ հայկական ֆեյսբուքն էլ չի կանաչում՝ չնայած էս ցանցից տարածվող գարշահոտը գնալով սրվում է», - գրել է պատգամավորը: Ուշագրավ է, որ եթե Սերժ Սարգսյանը հանրությանը գաղջ մթնոլորտի մեջ մեղադրեց իշխանության ղեկը ստանձնելուց 8-9 տարի հետո, ապա նորերին գաղջը պատել է մեկ տարի անց: Բա ո՞ւր մնաց սիրո և հանդուրժողականության կարգախոսը, ո՞վ է թափում այդ թարախը, մարդի՞կ, ովքեր իշխանություններից պահանջում են աշխատել, մարդի՞կ, ովքեր հանդգնում են հակառակ կարծիք ունենալ, թե՞ Թունյանն իրեն այդ մարդկանց առջև հաշվետու և պատասխանատու չի համարում…

Այս դեպքերից մի քանի օր առաջ էլ փայլել է Իմ Քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինս ասուլիս էր հրավիրել՝ փորձելով համոզել հանրությանը, որ իր դեմ մեդիա արշավ է սկսվել: Իհարկե, Սարգսյանը այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչով է հատկապես նրա անձը այդչափ գրգռել մեդիային, սակայն ակնհայտ է, որ ասուլիսին Սարգսյանը եկել էր ոչ թե հանրության առջև մեղա գալու, այլ մեդիա ոլորտի աշխատողների անձնական կյանքը թիրախավորելու հստակ նպատակով: Նման երևույթ չկար անգամ հին Հայաստանում, երբ քննադատության թիրախում էին հայտնվում «Շմայս»-ը կամ մյուս հանրապետականները, նրանք վազեվազ ասուլիսներ չէին հրավիրում և նման էժանագին պահվածք չէին դրսևորում: Իսկապես՝ իրավիճակ է փոխվել..

Ստացվում է, որ ժողովրդի կողմից իշխանության բերվածները, ովքեր այդ ժողովրդի համար անգամ մեկ դրական գործ չեն արել, ովքեր չունեն քաղաքական հետագիծ և կենսագրություն, այսօր բառի բուն իմաստով հարձակվում են այդ ժողովրդի վրա՝ վիրավորական և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հանրության լայն հատվածների հանդեպ…