Հուլիսի 11–ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքում դատական համակարգը համալրել է ԲԴԽ-ի՝ իրեն հասանելիք տեղերը։ Բոլոր երեք թափուր տեղերը լրացվել են, որոնցից երկուսը՝ ընտրության, իսկ մեկը՝ երդման արդյունքում: ԲԴԽ անդամներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը։ Մինչ այդ ժողովի նիստում ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։ Տավարացյանի ընտրություը առաջացրել է հանրության և փորձագիտական շրջանակների զարմանքն ու տարակուսանքը: Բանն այն է, որ Տավարացյանը իրավունք չուներ հրաժարականից հետո առանց ընտրվելու, միայն երդումով դառնալ ԲԴԽ անդամ. դա բացառված է: Եթե նայենք իր մեկնաբանությամբ, ապա այդ պաշտոնը երբեք թափուր չի եղել իր հրաժարականից հետո, ինչը նույնպես իրականությանը չի համապատասխանում: Բացի այդ, Տավարացյանը' ժամանակին որպես դատավոր, հաստատել է Ա1+-ի եթերազրկումը, ընդ որում' առանց հիմնավորման: Ստացվում է՝ ժողովրդավարության դեմ ոտնձգություն կատարողը պիտի մյուս դատավորներին վեթինգ անի:

Ինչ վերաբերվում է ընտրված մյուս դատավորին՝ Ռուբեն Վարդազարյանին, ապա նա ի սկզբանե համարվել է իշխանական թեկնածու: Բանն այն է, որ նրան ՀԱԿ շրջանակներն են առաջ մղում. նրա քույրն ամուսնացած է Լևոն Տեր-Պետրոսյանի քրոջ որդու՝ Առաքել Սեմիրջյանի հետ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ հենց Վարդազարյանի միջոցով է վերջին շրջանում իշխանությունը կառավարում դատական համակարգը և հրահանգներ է իջեցնում դատավորներին, հատկապես, Ռոբերտ Քոչարյանի գործով։

Մեսրոպ Մակյանն էլ իր հերթին առավել հայտնի դարձավ «բանդայի» աղմկահարույց քրգործը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի քրգործը և Սասնա Ծռերի քրգործը քննելուց հետո:

Դատավորների այս ընտրությունը միանշանակ չի ընդունվել: Իրավապաշտպան, փաստաբանական հանրությունը երեկվանից բարձրաձայնում է, որ այս կադրերով ԲԴԽ-ն հաստատ չի վայելելու հանրային վստահություն և երբեք չի կարողանալու դառնալ այն կառույցը, որը պետք է հետագայում վեթինգ իրականացնի: Փաստորեն, մնաց մեկ անդամի թափուր տեղ, որը պետք է զբաղեցնի իրավաբան-գիտնականը՝ ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո։ Այնուհետեւ ԲԴԽ-ն ձեռնամուխ կլինի վեթինգին, սակայն որքանով այդ գործընթացը արդյունավետ կլինի, հաշվի առնելով, որ ԲԴԽ-ն ոչ թե հեղափոխվել է, այլ կարկատվել: Կա նաև այլ հարց՝ ինչն էր պատճառը, որ Դատավորների ընդհանուր ժողովին ներկա 190 դատավորները այսպես հանդուրժող վերաբերմունք ցուցաբերեցին այս ոչ միանշանակ ընտրությանը, եթե իրենք իրականում ունեին ազատորեն գործելու լայն հնարավորություն…