«Մատաղիսի գործը» 16 տարի անց կրկին վերաբացվել է։ Այս մասին հայտնել է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը։ Գործի քննությունն իրականացնելու է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը։ 

Հիշեցնենք՝ 2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում իրենց ծառայակիցներ Հովսեփ Մկրտումյանին եւ Ռոման Եղիազարյանին սպանելու մեջ մեղադրվող նույն զորամասի երեք նախկին զինծառայողներ՝ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը, դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թվականի մայիսին «Մատաղիսի գործը» բեկանել եւ ուղարկել էր լրացուցիչ քննության, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողները ազատ էին արձակվել։ 2007 թվականին սկսված և 4.5 տարի տևած քննությունից հետո 2012-ի դեկտեմբերին ամբաստանյալները անմեղ ճանաչվեցին՝  կատարված հանցագործությունում նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով։