Օրերս վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքում՝ կիսվելով եվրոստատի տվյալներով, հպարտորեն հայտարարել էր, որ Հայաստանը ՀՆԱ-ի աճով եվրոպայում առաջատարն է և դա փորձեց ներկայացնել իբրև դարի ձեռքբերում: Կարեն Կարապետյանի կառավարությունը նույն ժամանակահատվածում տվել էր 9,1 տոկոս ՀՆԱ-ի աճ, այդ իրադարձությունը սակայն չէր ուղղորդվում պաթետիկ գրառումներով և հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 7,1 տոկոս աճ է տալիս, դա այն դեպքում, երբ այս կառավարությունը հպարտանում է միայն ստվերից հանած հարկատուներով: Ստացվում է, մենք մի բան էլ անկում ենք արձանագրել, եթե դրան էլ գումարենք արտաքին պարտքի ավելացման միտումը՝ պատկերը դադարում է այդքան պայծառ լինել: Իհարկե, տարբեր ցուցակներում տարբեր տեղեր կարող է զբաղեցնել Հայաստանը, բայց մի բան հստակ է՝ այս տարի նախորդ տարվա համեմատ նվազում է արձանագրվել, և այն էլ միանգամից 2,5 տոկոս։ Իրականում՝ 7.1 տոկոսը, եթե այն կա, դա հենց ստվերի կրճատման արդյունք է և աճը շարունակական լինել չի կարող, դրա համար անհրաժեշտ են ոչ միայն խոսքեր, այլև համակարգային բարեփոխումներ: Վարչապետ Փաշինյանի կառավարության բախտն, իհարկե, մեծ իմաստով բերեց, քանի որ Կարեն Կարապետյանն իրապես աշխուժ տնտեսություն թողեց և իներցիայի ուժով, մեկ տարի է, տնտեսությունն առաջ է գնում, բայց այսպես երկար շարունակվել չի կարող։

Մյուս ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ նման վերլուծությունն իրականում այնքան էլ Եվրոստատինը չէ: Թվերը վերցված են ազգային վիճակագրական ծառայություններից և այլ աղբյուրներից: Հասկանալի՞ է չէ, որ, օրինակ, Շվեյցարիային կամ Գերմանիային դժվար է կասկածել սեփական տնտեսությունն ավելի լավ լույսի ներքո ներկայացնելու նպատակով թվանկարչությամբ զբաղվելու մեջ: Իսկ մե՞զ: Արդյո՞ք սրա համար չէ, որ Փաշինյանը պահել է «նոր ժամանակների Այվազովսկի» համարվող ԱՎԾ պետին:

Կան լուրջ կասկածներ, որ անգամ նշված 7.1 տոկոսը հեռու է իրականությունից, այն պարզ պատճառով, որ ՀՀ հպարտ քաղաքացիներն այդ աճը իրենց մաշկի և գրպանի վրա դեռևս չեն զգում: Ավելին՝ երկրում գնաճ է, գործազրկության աճ, կառավարությունը թվարկում է բացված աշխատավայրերը՝ մոռանալով այն հազարավորների մասին, որոնք փակվել են ապաշնորհ քաղաքականության արդյունքում, տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ ներդրումները այդպես էլ չեն գալիս Հայաստան և տնտեսության իրական հատվածը ֆինանսական աջակցության կարիք ունի: Համաձայն 2019 թ-ի առաջին եռամսյակի տվյալների' Հայաստանում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքային ծավալը կազմել է 8 միլիոն դոլարից մի փոքր ավելի, իսկ Ադրբեջանում՝ մոտ 809 միլիոն դոլար...