Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Մասնավորապես, Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»- «անդամ» բառախաղը։ Հանձնաժողովը լիազորեց Հանձնաժողովի Նախագահին հետևել Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի զարգացմանը և, նպատակահարմարության դեպքում, հանդես գալ հրապարակային հայտարարությամբ:
 
Ակնհայտ է, որ Վենետիկի հանձնաժողովը կոտրում է Փաշինյանի պլանները՝ կապված դատական համակարգի բարեփոխումների հետ: Այս դեպքում գլխավոր տուժողը լինելու է հենց Վահե Գրիգորյանը, ում սկզբում իմքայլականները դուխ տվեցին, ներքաշեցին ավանտյուրայի մեջ, այնուհետև «քցեցին»: «Քցելը», իհարկե, ակնհայտ է դառնում, քանի որ թե իմքայլականները, ովքեր սկզբում ակտիվորեն տարածեցին Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվելու մասին հայտարարությունը, և թե խմբակցության ղեկավարը, սկսեցին անչափ զգուշավոր պահվածք դրսևորել իրենց հնչեցրած գնահատականներում:
 
Ի՞նչ սցենար կարող է մեզ սպասել: Իրականում դժվար է պատկերացնել, որ Փաշինյանը դեմ կգնա հաձնաժողովի հորդորներին, հատկապես, որ հայտարարությունից պարզ է դառնում՝ հանձնաժողովը աչքը պահելու է ՀՀ իշխանությունների վրա: Ավելին, պարզ է դառնում նաև, որ ի սկզբանե Վենետիկից պատրաստակամություն չէին հայտնել աջակցել Հայաստանի իշխանություններին, ինչպես դա ներկայացվում էր Հայաստանի հանրությանը: Հայաստանում, ըստ հանձնաժողովի, չկա սահմանադրական ճգնաժամ, հետևաբար իշխանությունների քայլերը գնահատվելու են քաղաքական համատեքստում, ինչը միանշանակ չի բխում Փաշինյանի քաղաքական թիմի շահերից: Ի վերջո նաև հարց է՝ արդյոք դատական համակարգային բարեփոխումները իսկապես անհրաժեշտ են Փաշինյանին. թերևս՝ ոչ: ԲԴԽ նոր կազմի ընտրությունը ցույց տվեց, որ այս կառույցը լոյալ է լինելու նոր իշխանություններին, նույնը կարելի է ասել նաև ՍԴ մասին, այդ դեպքում վեթինգ անցկացնելու նպատակահարմարությունը ինքնին զրոյական է դառնում, հատկապես հաշվի առնելով այն գինը, որը Հայաստանը կարող է դրա դիմաց վճարել...