«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանը հպարտությամբ նշեց, որ առողջապահության ոլորտում կատարվել է 240 մլն-ից ավելի տնտեսում: «Ժողովուրդը» ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ անցած մեկ տարվա ընթացքում ԱՆ կազմակերպած մրցույթների արդյունքում կնքվել է 17 պայմանագիր, որոնց արժեքը կազմել է նախատեսվածից 424 մլն դրամ պակաս:

Իհարկե, պետական միջոցների տնտեսումը խրախուսելի է, սակայն կոնկրետ այս դեպքում չի բացառվում, որ դա արվում է ի հաշիվ մարդկանց առողջության:

Բանն այն է, որ շուրջ 4 ամիս ՀՀ առողջապահության նախարարությունը շաքարախտով հիվանդներին հատկացնում է բելառուսական ծագման անորակ ինսուլին, որն ընդունող հիվանդների վիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև հակառակը՝ վատանում է:

«Ժողովուրդը» հետաքննություն է սկսել՝ պարզելու համար ՀՀ քաղաքացիների առողջության հաշվին կատարվող «տնտեսումների» մանրամասները»: