Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի հանրությանը ներկայացնի իր «վոյաժների» արդյունքում գրանցած ձեռքբերումները: Ինչպես երևում է, Ռևազյանի գործուղումները սահմանափակվել են միայն տեսական ձեռքբերումներով, մնացածը վերաբերում է ապագային: Կարելի է ասել, որ մեկ տարվա ընթացքում այդպես էլ որևէ խնդիր, որը առկա էր ոլորտում, լուծում չգտավ: Ռևազյանը խոսում է այստեղ առկա կոռուպցիայի մեծ ծավալներից և իր կողմից բացահայտված չարաշահումներից:

Ըստ քաղավիացիայի պետի՝ կառավարությունում այդ ամենի մասին քաջատեղյակ են: Այդ դեպքում ինչո՞ւ գործին ընթացք չի տրվում, և հանրությունը չի ծանոթանում այն մարդկանց հետ, ովքեր այնպիսի թիվ են մսխել բյուջեից, որ անգամ Ռևազյանը չի կարողանում բարձրաձայնել:

Իր ձեռքբերումներից մյուսը Ռևազյանը համարում է այն, որ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան և Չինաստանի քաղավիացիան մեզ անվճար կրթություն են տրամադրելու: Իհարկե շատ ողջունելի է, սակայն մեզ՝ ո՞ւմ: Մենք ունե՞նք օդաչուներ, արդյո՞ք ոչ բոլոր մասնագետներին ենք դեռ ձեռքից տվել: Գաղտնիք չէ, որ հայազգի օդաչուները ազգային ավիափոխադրողի փակվելուց հետո նախընտրել են աշխատանք գտնել արտասահմանում, մասնավորապես ՌԴ-ում: Այս ընթացքում մենք որևէ քայլ կատարե՞լ ենք, որպեսզի մեր մասնագետները վերադառնան հայրենիք, որպեսզի դա նրանց ձեռնտու լինի, թերևս՝ ոչ: Ռևազյանը անգամ գտնում է, որ մեզ ազգային ավիափոխադրող պետք չէ, չնայած այն հանգամանքին, որ օրեր առաջ հենց վարչապետ Փաշինյանն էր հայտարարել օր առաջ ազգային ավիափոխադրող ստեղծելու անհրաժեշտության մասին: Հետաքրքիր է՝ ինչպես է ի կատար ածվելու վարչապետի հրահանգը, եթե ոլորտի թիվ մեկ պատասխանատուն դրա անհրաժեշտությունը չի տեսնում…

Մեկ ձեռքբերում այնուամենայնիվ Ռևազյանը գրանցել է. օդապարիկ ենք գրանցել: Ինչ խոսք, մեկ տարվա համար վատ չէ…