Արդեն տեղեկացրել էինք, որ կառավարության դիմաց Քաղցրաշեն համայնքի բնակիչները ակցիա են իրականացնում: Նրանք բողոքում են համայնքում ոռոգման ջրի բացակայության պատճառով: Բողոքի մասնակիցները պնդում են, որ արդեն 15 օր է՝ ոռոգման ջուր չկա:

Նրանք նշում են, որ Արտաշատում մի կարգին մարդ պետք է բերեն ղեկավար, որ հարց լուծի:

«Կառավարությունից պատասխանող չկա, մեզ չեն ընդունում: Առավոտ 5-ից իմ 14 տարեկան երեխու հետ ծառերս եմ սրսկել, հիմա եկել եմ այստեղ: Սա վիճա՞կ է: Ասում են՝ նամակ գրեք, 85 օրից կքննարկենք, 20 օրից կպատասխանենք: 20 օրից ոռոգման ժամանակը կանցնի, բերքը կփչանա»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրանք նշեցին, որ բերքը վնասվել է չոռոգվելու պատճառով:

«Բերք ստանալու ենք, բայց ապրանքային տեսք չի ունենալու, շուկայի համար պիտանի չէ, 50 դրամով մթերելու են, դեղձը պետք է ջրվի»,- ասացին նրանք:

Քաղցրաշենցիների խոսքով՝ ընդամենը պոմպակայանի հարց է, պետք է 100 լիտր ջուր հանելու փոխարեն 170 լիտր հանվի, և խնդիրը կլուծվի:

«Պոմպակայանները 70-ականների պոմպակայաններ են, էդ պոմպակայանի գլխին տանիք, դուռ ու լուսամուտ չկա, այս կառավարությունը, որ փող է հատկացնում պոմպակայանների համար, դրանք տեղ չեն հասնում, այդ պոմպակայանների խնդիրը պետք է լուծել»,- նշում են քաղցրաշենցնիները:

Այս պահին ակցիայի մասնակիցները նստացույց են իրականացնում կառավարության շենքի դիմաց: