Այսօր՝ հուլիսի 16-ին, Աշխատանքի և սոցիալական ծառայության նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ, սկանդալային գրառումներ կատարած Արսեն Օհանյանը։

Մինչ այս տեղեկացրել ենք Սոցիալական ծառայությունում տիրող անառողջ մթնոլորտի մասին, հատկապես, որ լարված են Սոցապ ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի և նրա տեղակալ Արսեն Օհանյանի, ծառայության աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի հարաբերությունները։

Հիշեցնենք՝ մարտ ամսից համակարգ բերված և ՍԱԾ պետ նշանակված Սուրեն Ղամբարյանը սկսել է դժգոհել Արսեն Օհանյանի և Վանիկ Բաբաջանյանի աշխատանքից, ինչին տեղյակ լինելով՝ չի միջամտել նախարար Բաթոյանը: Նախարարը հայտարարել էր, որ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի և նրա տեղակալ Արսեն Օհանյանի միջև լարվածությունն անձնական բնույթ չի կրում, աշխատանքային է և սկիզբ է առել տեղակալի անպտուղ աշխատանքի հանդեպ պետի դժգոհությունից:

Օրերս էլ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքյան գրառումներով հայտարարում էր պետական համակարգում ներքին լարվածության առկայության մասին: Այնուհետև միմյանց վիրավորական արտահայտություններ էին շռայլում երկու պաշտոնյաները՝ Սուրեն Ղամբարյանն ու Արսեն Օհանյանը։ Ի վերջո, խնդիրի լուծման տարբերակը, փաստորեն, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Արսեն Օհանյանի ազատումն էր պաշտոնից։