Վերջին օրերին բուռն քննարկումների և քննադատությունների առարկա է դարձել Վենետիկյան հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության տեքստը: Քաղաքական գործիչների և իրավաբանների մի մասը պնդում է, որ դա Վենետիկի հանձնաժողովի կողմից արված հայտարարություն է, մյուս մասը համարում է արձանագրություն:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց.

«Դա Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը չէ, այլ նիստի արձանագրությունն է: Այլ հարց է, թե ինչպես է այդ արձանագրությունը հայտնվել տվյալ ՀԿ-ի մոտ, դա պետք է ստուգվի: Չի կարելի գաղտնի փաստաթուղթ համարվող  արձանագրությունը դուրս բերել, դա ոչ օրինական է: Շատ սխալ է ներկայացնել այն որպես հայտարարություն: Հրապարակված արձանագրությունը նիստի ընթացքում հայտնած կարծիքների համախումբ է: Եթե հնչած տեսակետների վերաբերյալ ձևավորվում է հանձնաժողովի որշում, դրանից հետո հանձնաժողովը հանդես է գալիս հայտարարությամբ»:

Ըստ իշխանական պատգամավորի՝ փորձ է արվում բառախաղի միջոցով ցույց տալ՝ իբր այս իշխանությունը անօրինական քայլ է արել, որն արժանացել է միջազգային քննադատության. 

«Չկա՛ նման բան»:

Խոսելով նույն հարցի շուրջ՝ «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, Արցախի նակին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ով փաստաթղթի հրապարակողն է եղել, ասաց.

«Մենք փաստաթղթի հրապարակման սկզբնաղբյուրներից մեկն ենք և մենք օգտագործել ենք արձանագրություն բառը: Փաստաթուղթն անվանվում է report: Այդ հակադարձումն առարկայազուրկ է, քանի որ մենք երբևէ չենք պնդել, որ սա հայտարարություն է, որոշում կամ որևէ այլ բան: Ինչ վերաբերում է օրենքի խախտմամբ փաստաթղթի տարածմանը, ապա նման բան ասող մարդկանց ես խորհուրդ կտայի  բարի գտնվել և ուսումնասիրել  Վենետիկի հանձնաժողովի 9-րդ կանոնը, ապա նշել, թե որ օրենքի խախտումով է այն տարածվել»:

Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանից Վենետիկի հանձնաժողովի կայքի և հանձնաժողովի անդամներ են  Վարդան Պողոսյանը և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ըստ այդմ՝ մամուլում շրջանառվում է, թե նրանք կապ ունեն փաստաթղթի տարածման հետ: Աժ պատգամավորն ասաց.

«Այդ հարցին պատասխանելու համար պետք է ունենալ կոնկրետ ապացույցներ»:

Պատասխանելով նույն դիտարկմանը՝ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ իրենց հակադարձողներն են տարածել այդ ինֆորմացիան, որ հանձնաժողովի նիստին մասնակցել են ինչ-ինչ մարդիկ և նաև կարծիքներ հայտնել նիստի ընթացքում.

«11-րդ կետով հենց դա է նշվում, որ քննարկման բովանդակությունը կոնֆիդենցյալ է, որը խոսում է գաղտնիության մասին: Ա՛յ դա պետք է ճշտել, թե ինչպես է օրենքի խախտմամբ նման տեղեկությունը հասել իրենց: Մեր  իշխանական գործընկերների համար «կպչելու տեղ» է միայն այն, թե որտեղից մեզ այդ փաստաթուղթը, որը կարծում եմ արդեն պարզաբանված է լիարժեքորեն: Ստացվում է, որ նրանց համար էական չէ այդ փաստաթղթի բովանդակությունը. հասարակությունը դա պետք է ի գիտություն ընդունի»: