Արդեն մի քանի օր է, ինչ հակառակորդը Նախիջևանի հատվածից կրակում է Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ։

Այս մասին հաղորդագրություն էր տարածել Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ելփին գյուղի գյուղապետ Խորեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ տվյալ պահին գյուղում կրակոցներ չկան. հիմնականում կրակում են գիշերը։

«Հուլիսի 13-ից սկսած կրակում էին գյուղի մոտակայքում, իսկ արդեն 15-16-ին՝ գյուղի ավելի խորը հատվածներում, ինչի հետևանքով բնակելի տան տանիքներից մեկը փլուզվել է, բարեբախտաբար, տուժողներ չեն եղել։ Այս մասին դեռ ամսի 13-ին տեղեկացրել ենք Կարմիր խաչին, այսօր ևս զանգել ենք, սակայն դեռ չեն եկել»- նշում է գյուղապետը։

Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ տվյալ գյուղում կրակոցները հազվադեպ են, այդ իսկ պատճառով բնակիչների շրջանում խուճապ է առաջացել։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հակառակորդի՝ զորավարժությունների ժամանակ արձակած կրակոցից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է մոտ 10 հա տարածք, կրակը տարածվել է նաև հայկական կողմում, ինչը հաջողվել է հանգցնել հրշեջների և գյուղացիների օգնությամբ։