Այսօր՝ հուլիսի 18-ին, ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ նիստ է հրավիրվել՝ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։ ԲԴԽ-ն, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշում է կայացրել, որ նիստը պետք է անցկացվի դռնբաց։ Նշենք, որ նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությամբ էր հանդես եկել Նախշուն Տավարացյանը՝ պատճառաբանելով, որ հարցն առնչվում է իր անձին, սակայն ԲԴԽ–ն մերժեց այն։

Նիստի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրեց իրենց պահանջի հիմնավորումները:

Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, որը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին, չի մասնակցել 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստի, մասնակցել է միայն սույն թվականի հուլիսի 15-ի նիստին։ Տավարացյանը, բացի այն, որ նիստերից բացակայելու հարգելի պատճառներ չի ներկայացրել, նաև իր չմասնակցած նիստերի վերաբերյալ չի հայտնել իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։ Եվ, քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, և իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում, խորհրդի երեք անդամները հրավիրել են նիստ՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։