Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նշեց, որ ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ՝ ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, սակայն այդ տվյալները այս պահին չեն կարող հայտնել:

«Ոստիկանական աշխատանքներն ու միջոցառումներն իրականացվում են: Այդ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, վերաբերում է հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներին, որը ձայնագրություններով, այլ տվյալներով մենք ուսումնասիրել ենք ու այդ ցուցակը այդ քանակով կազմել ենք»,-ասաց փոխոստիկանապետը:

Վերջինիս խոսքով՝ ստեղծված իրավիճակում սոցիալապես անապահովության խնդիր չկա, խոսքն ապօրինի անտառահատման մասին է, որն իրականացվում է բիզնեսի համար:

«Այսինքն՝ այդ վառելանյութը բերել, վաճառել են այն վայրերում, որտեղ չկան անտառներ: Փայտի այն քանակը, որը գյուղացիներն օգտագործում են իրենց համար, բավարար է իրենց»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք բերման ենթարկվածների մեջ կան մարդիկ, որոնք այդ բիզնեսով են զբաղվում, Մովսիսյանն ասաց՝ այդ հարցին չի կարող պատասխանել, դեռ ուսումնասիրություն է իրականացվում:

«Քննությունն ավարտված չէ, բայց, այո՛, ոստիկանության աշխատակից է մասնակից եղել նման պրոցեսում, և հիմա ինքը քննության տակ է գտնվում»,- ասաց նա և նշեց, որ մեկ ոստիկանի մասին է խոսքը:

ՀՀ փոխոստիկանապետն ասաց, որ անտառներում անշարժ պահակակետերում հսկողությունն ուժեղացվելու է, ոստիկանապետի հրամանով էլ ոստիկանական խմբեր են տեղափոխվել այնտեղ:

Վարդան Մովսիսյանը հերքեց բնակիչների պնդումները, որ «կարմիր բերետավորներ» ուժ են կիրառել նրանց նկատմամբ: Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ բնակիչներն ընդամենը աշխատանք են ուզում, նա նշեց, որ առաջարկվել է մոտ 200 աշխատատեղ:

«Ինչ աշխատատեղ են, ինչ չափով՝ չեմ կարող ասել, Տավուշի մարզպետն է ասել, աշխատանքի ցանկություն հայտնողների քանակը նույնպես չեմ կարող ասել, բայց աշխատատեղ կա, այնպես չի, որ չկա, չեն ցանկանում, ի՞նչ կարող ես ասել: Երևի թե, ապօրինի անտառահատումն ավելի հեշտ օգուտ է բերում, քան օրինական ամսական աշխատանքը»,-ասաց նա: