Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը նոր օրինագիծ է ներկայացրել թվային ֆինանսական ակտիվների վերաբերյալ:
 
Oրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման (մայնինգ), պահպանման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները:

Օրենքի իմաստով թվային ֆինանսական ակտիվի ստեղծում է համարվում կրիպտոակտիվի մայնինգը:

Նախագծի համաձայն՝ կրիպտոակտիվների ստեղծմամբ և  պահպանմամբ իրավասու են զբաղվելու իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

Ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մայնինգը, կրիպտոակտիվների պահպանումը և օտարումը չի համարվի ձեռնարկատիրական գործունեություն, եթե այն իրականացվի ինքնուրույն՝ առանց աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմքով այլ ֆիզիկական անձի կամ անձանց ներգրավման: Այս մասին հայտնում է Iravaban.net-ը։

Ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման և պահպանման գործունեության հետ կապված հարկային պարտավորությունների առաջացումը կորոշվի օրենքով սահմանված կարգով:

Գործարքների մասին տեղեկություն պարունակող թվային գրառումները կպահպանվեն թվային դրամապանակներում, որոնք կողմերի համար բացվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:

Թվային դրամապանակը բացում է միայն դրա սեփականատիրոջ նույնականացման ընթացակարգը կատարումից հետո` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Թվային դրամապանակի բացման, թվային գրառումների մասին տեղեկատվության պահպանման, վարման, փակման կարգը, ինչպես նաև թվային թղթապանակների պաշտպանության նկատմամբ ներկայացվող պահանջները կսահմանի Կենտրոնական բանկը:

Կրիպտոարժույթների օտարումն ու փոխանակումը, որպես հարկման օբյեկտ, կդիտարկվեն գույքային իրավունքների իրականացման տեսանկյունից:

Օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Պատգամավորը հիմնավորման մեջ նշել է, որ «Թվային ֆինանսական ակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է թվային տեխնոլոգիաների զարգացման ընթացքով, այդ թվում ֆինանսական ոլորտում:

Նախագծով առաջարկվում է ամրագրել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվող կրիպտոակտիվների, պահպանման և շրջանառման իրավակարգավորումները, ինչպես նաև դրա ստեղծման ընթացքում անձանց իրավասությունները:

Նախագծով սահմանվում է անձանց շրջանակը, որոնք կարող են զբաղվել թվային ֆինանսական ակտիվների գործարքներով, ինչպես նաև ամրագրվում են պայմաններ, որոնց առկայության դեպքում անձինք կարող են կրել հարկային պարտավորություններ: Օրենքի նախագծով առաջարկվում են վավերապայմաններ, որոնց պարագայում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կարող է իրականացվել համապատասխան անձանց նույնականացում:

Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է նշյալ ոլորտում Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի փորձը, ինչպես նաև Եվրոպական միության հետազոտությունները: