Նախիջևանի սահմանին որոշակի լարվածություն առկա է, բայց անհանգստանալու առիթ չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանութայն նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ադրբեջանի կողմից Նախիջևանի հատվածում արձակած կրակոցը թիրախավորված չի եղել։ Զուտ ինժեներական աշխատանքներ են կատարվում երկկողմանի։ Փորձում ենք դադարեցնել։ Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, կապ ենք հաստատել այդ կողմի հարևանի հետ»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք խոսքը Նիկոլ Փաշինյանի նշած օպերատիվ կապի մասին է, նախարարը հաստատեց։

«Այո, դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում։ Միջնորդավորված կապ է սա, բայց խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով։ Շատ դրական գործընթաց է»,- հավելեց Դավիթ Տոնոյանը։

Տոնոյանը նաև անդրադարձավ ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչներին։ Նա նշեց, որ դրանք Հայաստանում կլինեն 2019-ի վերջ 2020-ի սկիզբ:

Հարցին, թե ինչ նոր սպառազինություն է նախատեսում ձեռք բերել ՀՀ-ն, նախարարն ասել է, որ այս պահին չի կարող մանրամասներ հայտնել:

«Բայց ռազմական անակնկալներ են լինելու», - հավելեց նա: