Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիտորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին: