Աջափնյակ վարչական շրջանի 16 թաղամասի 23 շենքի բնակիչներն ահազանգում են՝ մի քանի շենքերի կոյուղին լցվում է իրենց շենքի տակ, ինչն անհարմարություն է պատճառում իրենց։

ԼՈՒՐԵՐ․com դիմած բնակիչները պատմեցին, որ շենքում այս վիճակն է տիրում արդեն մի քանի տարի, և համապատասխան մարմինները չեն զբաղվում խնդրով․ «5 հատ դիտահոր կա, բացել ենք, տեսել ոչ մեկի մեջ ջուր չկա, այնինչ պետք է բոլորի միջով էլ ջուր անցնի, որպեսզի մի տեղ չհավաքվի։ Բոլոր շենքերից կոյուղին գալիս լցվում է մեր շենքի տակ, դիտահորից կոյուղու ջուրը շաբաթներով բխկբխկալով դուրս է գալիս ու գետի նման գնում։ Զանգում, կանչում ենք, գալիս էդքան տեղը մաքրում են, մի քանի օր հետո նույն վիճակն է, խնդրի էական որևէ լուծում չի տրվում»,- ասաց շենքի բնակիչներից մեկը։

Նա նշեց՝ 2 տարի է, ինչ այդ վիճակն է, բայց «Վեոլիա ջուր»-ը ոչ մի բան չի անում․ «Էդ հարցը պետք է լուծի «Վեոլիա ջուր»-ը։ Մենք քաղաքապետարանից մարդ կանչեցինք, եկան, ասեցին հիմնական խնդրի լուծումը «Վեոլիա ջրինն» է, դրանից հետո զանգում ենք, քաղաքապետարանից կոպիտ պատասխանում են՝ ձեր հարցն է, ինչ ուզում եք, արեք»,- նշեց նա։

Բնակիչը դժգոհում է՝ իրենց շենքի տակով մի քանի շենքի կոյուղի է անցնում, հոտին շնչել չի լինում, քիչ է մնում թողնեն, գնան իրենց տներից․ «Շենք, վերելակ մտնել չի լինում, հոտն արդեն տներն է լցվել, էլ չենք դիմանում»,- վրդովված ասում են բնակիչները։