Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացանք, որ  Արարատի մարզում արագիլների փետրավորման աղտոտման և անկման վերաբերյալ խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։
Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը մի խումբ կամավորների հետ տեղում անցկացրել է համապատասխան ուսումնասիրություններ և մաքրման աշխատանքներ:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Կարեն Աղաբաբյանը նշեց, որ երեկվանից սկսել են կամավորները խնամել թռչուններին:

-Պարոն Աղաբաբյան, ի՞նչ պարզեցիք, ո՞րն էր աղտոտման պատճառը:

-Մենք կամավորների հետ կատարել ենք հիմնականում մաքրման աշխատանքներ, այսինքն՝ այն արագիլները, որոնք  չէին կարողանում թռչել, մենք իրենց մաքրել ենք, ինչպես նաև վերցրել ենք իրենց փետուրներից նմուշներ, որպեսզի լաբորատոր հետազոտություն իրականացվեն, ինչը մեզ թույլ կտա պարզել, թե ինչ ռեագենտով են աղտոտված այդ թռչունները և, համապատասխանաբար, թույլ կտա գտնել աղտոտման այդ աղբյուրը:

Հիմա մենք նմուշները վերցրել ենք, հանձնելու ենք լաբորատոր հետազոտությունների, որոնք տևում են միջինում 3-5 օր: Ակնկալում ենք, որ մինչև շաբաթվա վերջ կունենանք պատասխանները:
Հայտնաբերեցինք նաև, որ աղտոտված թռչունների զգալի մասն արդեն ինչ-որ ձևով կարողացել է ինքն իրեն մաքրել և գոնե ունակ է  թռչելու, իհարկե, դեռ բավականին ծանր են թռչում, բայց կարողանում են ինչ-որ տարածություն անցնել և կեր հայթայթել: 

-Հնարավո՞ր է մաքրման աշխատանքներով ևս վտանգել թռչունների կյանքը, կամավորներն ունե՞ն փորձառություն, թե ինչպես վարվել արագիլների հետ:

-Ճիշտ է՝ նման մաքրման աշխատանքներ Հայաստանում մենք անցկացրել ենք մեկ անգամ, բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա թռչնի կյանքի համար վտանգ չի հանդիսանում:

Մենք պետք է հստակ իմանանք տվյալ յուղի տեսակը, որից աղտոտվել են արագիլները, որպեսզի կարողանանք  հասկանալ, թե որ գործարանն է օգտագործում այդ յուղերը, իսկ քանի մենք դա չգիտենք, ենթադրություններ անել չենք կարող:

-Իսկ հնարավո՞ր է՝ այդ աղտոտումը խանգարի թռչունների  նոր փետուրների աճման պրոցեսին:

-Ոչ, այդ նյութերը չեն խանգարի փետուրների աճին: Այդ նյութերը ուղղակի փետուրների մազերն են կպցնում իրար, ինչի հաշվին փետուրը կորցնում է իր օդը պահող ֆունկցիան, ինչն  էլ նպաստում է, որ թռչունը չկարողանա թռչել:

-Ըստ ձեզ՝ ինչքանո՞վ հնարավոր կլինի լիովին վերականգնել աղտոտված թռչունների կենսունակությունը:

-Եթե բոլորը չկարողանային թռչել, ապա մենք բոլորին կմաքրեինք, բայց քանի որ իրենք արդեն կարողացել են թռչել,  դա  նշանակում է, որ իրենք ինչ-որ ձևով կարողանում են իրենք իրենց մաքրել: Իսկ թռչել կարողացող արագիլներին բռնելն իրականում շատ բարդ գործընթաց է:
 

-Մաքրման աշխատանքներ կատարվել  են միայն Հովտաշեն գյուղի տարածքում, թե՞ այլ տարածքներ ևս  ընդգրկել եք:
-
 Աշխատանքներ տարվել են Հովտաշեն գյուղից սկսած մինչև Հովտաշատ, Հայանիստ գյուղերը, աղտոտվածություն մենք տեսանք նաև մյուս գյուղերում, բայց ավելի քիչ քան Հովտաշենում, ուղղակի չթռչող արագիլները Հովտաշենում էին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ  են տարել  արագիլի առանձնյակ, որն ամբողջությամբ պատված է եղել  ազտի հաստ շերտով, և որի հետևանքով թռչունը անընդունակ է եղել  թռչելու: Թռչնի ընդհանուր փետրավորման 80%-ը՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխը, վիզը, առավել նվազ՝ թափահարողները, ծածկված են յուղանյութով, ապա՝ փոշիով, այդ իսկ պատճառով  Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկել է ուսումնասիրություն: