Արդեն տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն բացահայտել է Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք մասնաճյուղերի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու դեպքեր։

ԼՈՒՐԵՐ.com- ի հետ զրույցում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանն ասաց, որ նորմալ է վերաբերում կատարվածին, քանի որ նման դեպքերը նորություն չեն․ պետք է գտնել մեղավորներին և պատժել։  Իր խոսքում Գուլանյանը նշեց՝ ցավալին այն է, որ իր գործունեության արդյունքը այս դեպքերի պատճառով խեղաթյուրվում է։

«Մենք չունենք ներքին անվտանգության բաժին, այսինքն՝ մի անձնակազմ, որը  կզբաղվի աշխատակիցների վարքագծով ու գործունեությամբ։ Բնականաբար, չունենք նաև օպերատիվ-հետախուզական միջոցներ՝ ինչ-որ երևույթներ հայտնաբերելու։ Ամեն դեպքում, ոչ բարեխիղճ աշխատողները պետք է պատասխան տան օրենքի առաջ։ Այդ երևույթները դատապարտողներից ամենադաժանը գուցե ես լինեմ, որովհետև տարիներ շարունակ  բարոյախրատական աշխատանքներ են տարվել, ասել եմ՝ տղերք, ես հասկանում եմ, որ աշխատավարձը ցածր է, բայց նման բաներ մի արեք»,- ասաց ՊՈԱԿ-ի տնօրենը։

Գուլանյանը նշեց, որ ինքը միայն տեղյակ է, որ մի քանի հոգի փորձել են ձուկ որսալ, բայց «բռնվել են»։ Մյուս հանգամանքներից ՊՈԱԿ-ի տնօրենը տեղյակ չէ, բայց, եթե պարզվի, որ կաշառքի դեպք է եղել, ուրեմն կաշառք վերցնողի ձեռքը արժի կտրել։ Վերջինս հստակ տեղեկություններ չունի, թե արդյոք մասնաճյուղերի տնօրենները ներգրավված են այս գործընթացի մեջ, թե ոչ, քանի որ նրանք դեռ հերքում են։ 

ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ ձկնագողության հիմքում կրկին ընկած են սոցիալական խնդիրներ, սակայն արդեն տրված է դրանք խորքային ուսումնասիրելու և լուծումներ գտնելու գործընթացը։ 

«Այն, ինչը հնարավոր էր կանխել, մենք արել ենք։ Օրինակ՝ խճաքարի գողությունը, արածեցման պրոցեսը, անտառահատումը, դրանց քանակը նվազել է։ Համակարգում օրենսդրական բարեփոխումներ պետք է անել։ Եթե ՊՈԱԿ-ի աշխատակիցը խախտում է բացահայտում, նա պետք է այդ իրավախախտին պահի այնքան ժամանակ մինչև ոստիկանները մոտենան, հետո դիմի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, այս պրոցեսը օպերատիվ չէ, սա ներքին խնդիրներից մեկն է։ Ազգային պարկի ոչ մի աշխատակից իրավունք չունի վարչական վարույթ իրականացնել, տույժի ենթարկելու, ակտավորելու»,- ընդգծեց Գուլանյանը։

Նման խնդիրներից խուսափելու համար պետք է օրենսդրական որոշակի բարեփոխումներ արվեն, լուծվի գիշերային հերթապահության հարցը, քանի որ տեսուչները աշխատում են առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 18։00-ն։

ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի տնօրենների աշխատանքը, ըստ ունեցած հնարավորությունների, Գուլանյանը գնահատում է նորմալ։ Անդրադառնալով քննարկումներին, որ մասնաճյուղերի տնօրենները կոռուպցիոն գործընթացի մեջ են մտել, քանի որ ավելի բարձր օղակներից «հովանավորվում են», ՊՈԱԿ-ի տնօրենն ասաց․

«Իմ ղեկավարման ընթացքում կողմնակի որևէ ուժ չեմ ճանաչել և երբեք չէի կարող թույլ տալ, որ մի աշխատող դրսից հովանավորվի։ Բայց, ես էլ  եմ լսել նման խոսակցություններ, որ նախկինում՝ 2000-ակններին, դեպքեր եղել են, բայց ես այդպիսի բան չեմ հանդիպել։ Միգուցե, խոսակցությունների պատճառն այն է, որ նախկինում հովանավորներ ունեցող մարդիկ շարունակում են աշխատել, սակայն ես շեշտում եմ, որ իրենք աշխատում են միայն այն պատճառով, որ իրենց գործը լավ է ստացվում, հակառակ դեպքում՝ նրանք հեռանում են աշխատանքից»։

Գուլանյանը նշեց, որ միայն նախաքննության արդյունքում պարզ կդառնա, թե արդյոք կաշառակերության դեպքեր  եղել են, թե՝ ոչ։ Բացի այդ, պարզ կլինի նաև, թե որքան վնաս է հասցվել լճին և բնությանը։