Այն, որ Իմքայլականները հաճախ են իրարամերժ հայտարարություններ անում, ակնհայտ է: Այդ ցանկից դուրս չի մնում նաև իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը, սակայն վերջինս իր հայտարարություններում հակադրվում է ոչ թե իր շարքային գործընկերներին, այլ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ իշխանությունները փողի պակաս չեն զգում և կարող են կատարել պետության ստանձնած սոցիալական պարտավորությունները: Միևնույն ժամանակ Թունյանը հայտարարում է, որ մենք դեռևս չունենք այնքան ռեսուրս, որպեսզի կարողանանք կտրուկ բարձրացնենք, ասենք՝ թոշակները: Պատգամավորը ասել է մասնավորապես հետևյալը. «մենք չենք ասում, որ թոշակը 40 հազար դրամից 44 հազար դառնալուց հետո թոշակառուները սկսելու են լավ ապրել, բայց պետք է հասկանալ՝ այս պահին մենք ունե՞նք այն ռեսուրսը, որ թոշակները միանգամից բարձրացվեն, ասենք, մինչև 80 հազար դրամ»։

Հարց է առաջանում. պետությունը փող ունի՞ ի վերջո, թե՞ ոչ: Մեկ այլ օրինակ. եթե վարչապետը վստահ էր, որ գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարության հետ միավորելը մենեջերական փայլուն լուծում է, ապա Թունյանը դա անվանեց սխալ հաշվարկ: Փաշինյանը հայտարարում է, որ կառավարությունը փայլուն ծրագիր է ներկայացրել խորհրդարանին, մինչդեռ պատգամավոր Թունյանը հայտարարում է, որ այդ ծրագիրը իդեալական չէ: Նման հակասություններին, եթե կուզեք հակադրություններին, կա երկու բացատրություն:

Կամ Թունյանը իսկապես լավ տնտեսագետ է և վեր է հանում այն բացերը, որոնք իր աշխատանքում անում է կառավարությունը, և չի վախենում իր քաղաքական թիմի լիդերին հանել ստախոս և թվերը ու փաստերը մանիպուլացնող, կամ էլ իրականում նման մեկնաբանությունները խիստ սուբյեկտիվ են և պայմանավորված են տնտեսական սեկտորի պաշտոնյաներին հարվածելու՝ Թունյանի ցանկությամբ: Սակայն վերջինս գուցե չի գիտակցում, որ փորձելով թիրախավորել նույն ԿԲ նախագահին, էկոնոմիկայի նախարարին՝ նա վերջնական արդյունքում հարվածում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշին, քանի որ հանրության համար թե լավը թե վատը այսօր ասոցացվում է միայն ու միայն Փաշինյանի հետ: