ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, գործարար կազմակերպության բողոքի հիման վրա, առաջին անգամ պետական գնումների բողոքի քննությանը ներգրավվել է որպես կողմ: Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, մասնավորապես, պետական կարիքների համար կազմակերպված հրատապ բաց մրցույթին մասնակցած կազմակերպություններից մեկի ղեկավարը, համաձայն չլինելով արդյունքներին, դիմել էր պետական գնումների բողոքները քննող անձին, միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմին՝ բողոքի քննությանը որպես կողմ ներգրավելու համար։

Այս նախադեպը կարևոր է հատկապես գործարարների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու նպատակով: Գործարարների իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առաջնահերթ ուղղություններից է:

Այս տեսանկյունից պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է գնումների կազմակերպման գործընթացում պետական մարմինների կողմից որոշակիության և հստակության սկզբունքների պահպանման կարևորությունը, որը հնարավորություն կընձեռի գործարարներին արդյունավետ իրացնել իրենց իրավունքները: