Հայաստանը կարող է դառնալ ներդրումների համար լավագույն վայրերից մեկը։ Այսպիսի անսպասելի կոչ է արել հայտնի բլոգեր Նուսեյր Յասինը` NAS Daily Facebook-յան էջի հեղինակն ու վարողը։

Իր հերթական տեսանյութում բլոգերը ներկայացրել է այն երկրները, որտեղ ըստ նրա, ավելի նպատակահարմար է ներդրումներ անել։ Նա ընդգծել է, որ այս տեսանյութը չի հավակնում ներդրումային քոնսալթինգ համարվել։

«Ցանկացած տնտեսագետ կուշաթափվի, եթե լսի` ինչ եմ ասում այս տեսանյութում։ Բայց ես աշխարհի ավելի քան 60 երկրներում եմ եղել ու տեսել եմ, թե որոշ երկրներում զարգացման համար ինչ հնարավորություններ կան։ Դա անհնար է չնկատել։ Այդ պատճառով ինքս եմ իմ գումարն այնտեղ ներդրել։ Հնարավոր է` դուք այլ երկրներ հավանեք։ Շատ լավ, քանի որ ամեն տեղ հնարավորություններ կան», – գրել է նա։

«Բազում պատճառներ կան Հայաստանում ներդրումներ անելու համար։ Օրինակ` ես նույնիսկ չգիտեմ` ինչ լեզվով են նրանք խոսում։ Բայց այդ երկրի հարստությունը մարդիկ են։ Ամբողջ աշխարհում բազում հայեր են ապրում, որոնք իսկապես ուզում են զարգացնել իրենց երկիրը կրթության, բիզնես–նախագծերի, անշարժ գույքի միջոցով։ Հայաստանում հազար դոլարն արագ կարող է տասը հազար դառնալ», – ավելացրել է նա։

Նա ևս երեք ուղղություն է անվանել` ամերիկյան Յուտա նահանգը (այնտեղ ապրող մորմոնների աշխատասիրության պատճառով), Սինգապուրը, որտեղ կես դարի ընթացքում կառուցել են աշխարհի ինովացիոն մայրաքաղաքը ու Շրի Լանկան` հարուստ պատմության ու մշակույթի նաև հիանալի բնության համար։

Հիշեցնենք` սա NAS Daily–ի առաջին տեսանյութը չէ Հայաստանի մասին։ Մինչ այդ նա պատմել է այն մասին, որ Հայաստանում կարելի է հիանալի ու անվճար ջուր խմել ցայտաղբյուրից, նաև ներկայացրել, թե ինչպես են սովորական դպրոցներում շախմատ դասավանդում։

armeniasputnik.am