ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ Ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը. պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հողատարածքների օտարման գործընթացում Գնդեվազ համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ, պարզվել է մեխանիզմը:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է հիշյալ ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:

Գնդեվազ համայքնի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու, ինչպես նաև այլ գործարքներում ևս հնարավոր չարաշահումների վերաբերյալ նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 50 000 000 ՀՀ դրամի չափով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի'
օրինական ուժի մեջ մտած դատավճռով: