Ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետին է ներկայացրել աշխատակազմի աշխատավարձերի համաչափ բարձրացման առաջարկ: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ նմանօրինակ նախագիծ կարող է առաջարկել միայն քաղաքապետը, այդ պատճառով իրենց կողմից ներկայացվածը առաջարկ է։

«Մենք առաջարկում ենք աշխատավարձերի փոփոխությունները անել համաչափ։ Մայիս ամսին քաղաքապետի կողմից բերվել էր մի նախագիծ, որով վերին օղակի աշխատավարձերը՝ աշխատակազմի և վարչական ղեկավարներինինը, քաղաքապետինը, կրկնապատկվել էին, և նույնիսկ ավելին։ Դա քննարկումների առիթ դարձավ և՛ մեզ մոտ, և՛ հասարակության, քանի որ ավելի ցածր օղակներում աշխատող մարդկանց աշխատավարձը շատ փոքր տոկոսով էր բարձրանում»,- ասաց ավագանու անդամը։

Վարդանյանը նշեց, որ վերջին 8 տարիներին աշխատակազմի աշխատավարձերում բարձրացումներ չեն եղել։ Առաջարկի սկզբունքն այն է, որ փոփոխությունը կատարվի համաչափ։ Վերջինիս խոսքով՝ առաջարկը այսօր դրվել է շրջանառության մեջ, և այն ներկայացվելու է քաղաքապետին։

Հարցին, թե արդյոք աշխատավարձերի բարցրացման հետևանքով կնվազեն տրամարդրվող պարգևավճարները, ավագանու անդամն ասաց․

«Դեռևս Նոյեմբեր ամսին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց, որ մշակվում է ծրագիր, որով պարգևավճարները պետք է տրվեին ըստ աշխատաժամի, ըստ աշխատանքի որակի, այսինքն՝ ավելի կանոնագարգված և ոչ թե հայեցողական։ Որոշվելու էր, թե ում է տրամադրվում 30%, ում՝ 50%, ում՝ 100%, բայց դա այդպես էլ մնաց սառույցին գրված, որևէ նախագիծ չներկայացվեց։ Կարծում եմ, որ պարգևավճարների տրամադրման գործընթացը նույնպես պետք է կանոնակարգվի, որովհետև վարչական ղեկավարները ում հավանում են, նրան տալիս են 100% պարգևավճար, ում չէ՝ 30-40»։

Վարդանյանը շեշտեց, որ, ըստ իրենց առաջարկի՝ աշխատավարձերը պետք է բարձրանան 29-40%-ով։