Միջազգային բնապահպանական հիմնադրամից ներգրավված մոտ 720 մլն դրամ դրամաշնորհով կլուծվի Արթիկի տարածաշրջանում գործող և չշահագործվող հանքավայրերից արտանետվող փոշու խնդիրը, որը տասնամյակներ շարունակ վնասել է տեղի բնակչության առողջությունը։

Աչքի առաջ ունենալով Արթիկի 2016թ․ մեծ ջրհեղեղի հետևանքները՝ ծրագրի շրջանակներում նաև կամրացվեն քաղաք մտնող երկու հեղեղատարների լանջերը, և կներդրվի աղետների արագ արձագանքման համակարգ։ Այդ նպատակով քաղաքը շրջապատող և չշահագործվող հանքերի 40 հա տարածքը կծառապատվի, կստեղծվի ժամանակակից հանգստի գոտի, ինչը համայնքը չունի։

Գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության համար նախատեսվում է նաև վարելահողերի, արոտների և խոտհարքների բարելավման աշխատանքներ։

Այն առաջին ծրագիրն է տարածաշրջանում, որը ֆինանսավորում է Հարմարվողականության հիմնադրամը, որի արդյունավետությունը և աշխատանքների թափանցիկությունը կապահովի համայնքների ներկայացուցիչներով համալրված միջգերատեսչական խորհուրդը։

Արթիկի քաղաքապետարանում կազմակերպված միջոցառման ժամանակ նաև ստորագրվել է փաստաթուղթ՝ Արթիկ, Հառիճ, Նահապետավան, Վարդաքար համայնքների և շրջակա միջավայրի նախարարության միջև, ինչը կապահովի ծրագրի ավարտից հետո կառուցված հանգստի գոտու ու հեղեղատարների շարունակական շահագործումը և պահպանությունը։