Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ էր տվել ՀՀ իշխանությունից 3 առանցքային պաշտոնյայի՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի  ԱՄՆ մեկնելու փաստը։ Հատկապես հետաքրքիր էր, թե երկրում տիրող սոցիալական անապահովության ֆոնին որքան գումար է ծախսվել բյուջեից շուրջ 10 և ավելի օրեր ԱՄՆ-ում գտնվող իշխանական պատվիրակությունների համար և այդ ինչ կարևոր հարցեր էին լուծում, որ չէին կարող սահմանափակվել ասենք՝ 3-4 օրով, որպեսզի հնարավորինս խուսափեին նաև ավելորդ գումարների վատնումից։
 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հուլիսի 13-22-ը փոխվարչապետի հետ միասին ԱՄՆ գործուղման են մեկնել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և խորհրդական Զարուհի Մաթևոսյանը։ Գործուղման ծախսերը կազմել են 7037100 ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր անձի գործուղման ծախսը կազմել է 2345700 ՀՀ դրամ, այդ թվում՝ էկոնոմ դասի ավիատոմսեր (Երևան-Մոսկվա-Նյու Յորք-ԲոստոնՆյու Յորք-Մոսկվա-Երևան)՝ 728670ՀՀ դրամ, օրապահիկ (6 օր Նյու Յորք, 4 օր Բոստոն)՝ 523746 ՀՀ դրամ, գիշերավարձ (5 գիշեր Նյու Յորք, 4 գիշեր Բոստոն)՝ 1093284 ՀՀ դրամ։
 
Նշենք, որ Ավինյանն ԱՄՆ-ում մասնակցել է «Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019»-ին։ 
 
Արտգործնախարարությունից ևս հետաքրքրվեցինք, թե քանի անձ էր ընդգրկված Զոհրաբ Մնացականյանի ԱՄՆ կատարած այցի պատվիրակության կազմում, և ովքեր էին նրանք։ Մեզ հետ զրույցում Արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանընշեց, որ ԱԳ նախարարին ուղեկցել է 4 աշխատակից, որից մեկը ինքն է, խորհրդականը, արարողակարգի պատասխանատուն և օպերատորը։ Ինչ վերաբերում է ծախսերին, ապա մամուլի խոսնակը նշեց, որ համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 16 հունիսի 2017 թվականի Հր. 1002-Ն հրամանի՝ արտասահմանյան գործուղումների ծախսերը ենթակա չեն հրապարակման․ «ԱԳՆ համակարգի աշխատակիցների գործուղումների համար տարվա ընթացքում պետբյուջեից առանձին հատկացումներ չեն արվում, և ծախսերը չեն որոշվում ըստ գործուղումների քանակի, քանի որ դրանք կատարվում են արդեն իսկ տվյալ տարվա համար պետբյուջեով ԱԳՆ պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին և սահմաններում։ Միաժամանակ հավելենք, որ համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 16 հունիսի 2017 թվականի Հր. 1002-Ն հրամանի՝ արտասահմանյան գործուղումների ծախսերը ենթակա չեն հրապարակման»,- ասաց նա։
 
Նկատենք, որ Մնացականյանն ԱՄՆ այցի ժամանակ հանդիպում ունեցավ միայն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլ Ռիքերի հետ: Ի դեպ, միջոցառմանը մասնակցում էր նաև պետքարտուղար Մայք Պոմպեոն, ում հետ այդպես էլ հանդիպում չունեցավ ԱԳ նախարարը, այն դեպքում, երբ դեռևս տարեսկզբից խոսվում էր Պոմպեո-Մնացականյան հանդիպման կազմակերպման մտադրության մասին։ Համենայնդեպս Պոմպեո-Մնացականյան հանդիպման մասին ԱԳՆ պաշտոնական կայքը հաղորդագրություն չի տարածել։
 
Նշենք, որ ԱԺ 9 հոգանոց պատվիրակություն ևս 10-12 օր է մնացել ԱՄՆ-ում։ ԱԺ-ից հայտնել են, որ ընդհանուր ճանապարհածախսը կազմել է 17 մլն 255 հազար 165 դրամ, օրապահիկը՝ 4 մլն 399 հազար, իսկ գիշերավարձի թվային ընդհանուր պատկերը դեռ չունեն։ Կարճ ասած, ներկայացրած թվերով՝ գումարած գիշերակաց, բյուջեի վրա Արարատ Միրզոյանի այցը նստել է 60 000 դոլարից ավելի: 
 
Արարատ Միրզոյանի դեպքում ևս հանդիպումների շատ բարձր մակարդակ չկար։ Նրան ընդունել էին ՀՀ դեսպանությունում, ինչպես նաև հանդիպել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ` դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ:
 
Իսկ թե իշխանական պաշտոնյաների ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ծախսված գումարներն արդարացված են, թե ոչ, կարելի է ընդամենը դատել նրանց ունեցած հանդիպումներից հետո արված հայտարարությունների բովանդակությունից:
 
Սոնա Հարությունյան