Կառավարությունն այսօրվա նիստում մաքսային արտոնություն տվեց «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ին: Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանի ընտանիքին: Արտաշես Պետրոսյանը, մինչ օրենսդիրում աշխատանքի անցնելը, եղել է այս ընկերության փոխտնօրենը:
 
Պետրոսյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 2008-2009թթ. աշխատել է «ԷԼԼԻՊՍ ՋԻ ԷՅ» ՍՊԸ ճարտարագետ: 2009-2011թթ.՝ «ՍՈՆԱԳՐՈ» ՓԲԸ հաշվապահ: 2016-2019թթ.՝ «Արտ Գլոբալ» ՍՊԸ փոխտնօրեն: 2011 թվականից զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
 
Ի՞նչ է սա, եթե ոչ հովանավորչություն, մի երևույթ, որը արմատախիլ անելու համար էլ փաստացի տեղի է ունեցել թավշյա հեղափոխությունը: Հեղափոխությունից առաջ և հետո իմքայլականները տարբեր առիթներով դժգոհություններ էին հայտնում, թե ԱԺ-ում բիզնեսմենները անելիք չունեն: Ստացվում է՝ քիչ չի ունեն, դեռ մի բան էլ արտոնություն են ստանում: Ընդ որում՝ արտոնություն ստացողն էլ թերևս միայն այդ արտոնությամբ էլ հիշվի իրեն ԱԺ ընտրած քաղաքացիների համար: Պետրոսյանը ընտրություններից հետո իր անվան դիմաց միայն 0 էր գրանցել, 0 ելույթ, 0 հարց կառավարությանը, 0 օրենսդրական նախաձեռնություն: Ի՞նչ տարբերություն իմքայլական Պետրոսյանի և ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի միջև: Ալեքսանյանն էլ ԱԺ-ում էր ընդամենը կոճակ սեղմելու սուրբ առաքելությամբ, և հենց այդ առաքելությունը պատվով կատարելու համար էլ նրա ընկերությունները մշտապես արտոնություններ էին ստանում գործադիրից:
 
Ի դեպ՝ այսօր արտոնություն ստացավ ոչ միայն Պետրոսյանի ընկերությունը: Կառավարությունը չնեղացրեց նաև «Ոսկե կար» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը Չինաստանից և Թուրքիայից 1 միլիարդ 987 մլն դրամի հագուստի արտադրման մեջ օգտոգործվող նյութեր է ներկրում: Այս ընկերությունը, որը ժամանակին համագործակցում էր վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող մի քանի ընկերությունների՝ «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի, «Ֆլորենս» ռեստորանային համալիրի, Կարբեդանսի հետ, առաջին անգամ չէ, որ նոր իշխանությունների օրոք արտոնություն է ստանում: Իրավիճա՞կ է փոխվել, չէ, չենք լսել…