Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ իրավապահներն ուսումնասիրում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 2014-2017 թթ.-երը թույլ տված չարաշահումները, երբ նա եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը: Մամուլը նաև գրել էր, որ առաջիկայում Հրայր Թովմասյանին կարող է մեղադրանք առաջադրվել արդարադատության նախարար աշխատած տարիներին նրա թույլ տված չարաշահումների համար:

ԼՈՒՐԵՐ․com-ը իրավապահ կառույցներից հետաքրքրվեց՝ արդյոք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ գործողություն իրականացվում է, թե ոչ։ 

Թե՛ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը, թե՛ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, և թե՛ Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը միաձայն բացասական պատասխան տվեցին։ 

«Դատախազությունը որևէ ստուգողական գործողություն չի կատարում»,- մեզ հետ զրույցում ասաց Արևիկ Խաչատրյանը։ Նույն պատասխանը տվեցին նաև մյուս կառույցների խոսնակները։ 

Հիշեցնենք՝ մամուլում բազմիցս գրվել է, որ նախարար աշխատած տարիներին Թովմասյանը սեփականաշնորհել է մի քանի նոտարական գրասենյակներ: ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատած տարիներին էլ իր մտերիմներին է տարբեր պաշտոններում նշանակել, պարբերաբար գործուղումների է մեկնել կնոջ հետ, ինչպես նաև՝ այլ չարաշահումներ թույլ տվել:

Թեև իշախանության որոշ ներկայացուցիցչներ նշում են, որ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից, սակայն ինչպես նկատելի է, վերջինս նման ցանկություն անգամ չունի։