ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ ՀԴՄ-ների առք ու վաճառքն ազատականացված է, բայց բիզնեսը չի արձագանքում: Գործարարների հետ բազմաթիվ քննարկումներից և իրավական փոփոխություններից հետո ազատականացվեց ՀԴՄ-ների դաշտը, և ըստ ՊԵԿ նախագահի՝ ընդամենը մեկ ընկերություն կա, որ հայտարարել է, որ ունենալու է որոշակի խմբաքանակ: Արդյունքում, տնտեսվարողները չեն կարողանում ՀԴՄ ձեռք բերել, առավել ևս կառավարության ու անձամբ վարչապետի խոստացած գնով՝ 60 հազար դրամով՝ 160 հազարի փոխարեն։ ՊԵԿ-ն էլ ասում է՝ առանց ՀԴՄ-ի չի թույլատրվում աշխատել, հակառակ դեպքում կտուգանեն։ Այն, որ կտուգանեն, կարծում ենք՝ որևէ մեկը չի էլ կասկածում՝ հաշվի առնելով, որ բյուջեն ամեն գնով լցնելու խնդիր է դրված: Սակայն արդյո՞ք դրա համար է ստեղծվել նման պատային իրավիճակը:

Գուցե խնդիրը այլ տեղ է, և ՊԵԿ-ում պարզապես ցանկանում են ՀԴՄ-ի ներմուծած գործի վրա ձեռքեր տաքացնել: Մի քանի ամիս առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ նոր սերնդի ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման ոլորտում հակամրցակցային իրավիճակ է: Երբ տնտեսվարողները ՀԴՄ սարքեր են ձեռք բերում Պետական եկամուտների կոմիտեին առընթեր «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակից», տեղի մասնագետները նրանց ուղղորդում են սարքի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ: Այս ընկերության սեփականատերերը փոխկապակցվում են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Բաժնետերերից մեկը բժիշկ է, մյուսը՝ ռեստորանի մենեջեր, երկուսն էլ՝ կարծես անտեղյակ ընկերության գործունեության մանրամասներից։

Բացի այդ, տեղեկատվություն էր տարածվել, որ նոր սերնդի ՀԴՄ-ի գնման պայմանագիր ՊԵԿ-ը կնքել էր նույն Վարդան Հարությունյանի և Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող ընկերության հետ: Ընդ որում, տարօրինակն այդ պատմության մեջ այն էր, որ գնման պայմանագիրը գաղտնի էր պահվում: Վերջին շրջանում ՀԴՄ կտրոնների շուրջ կատարվող անհասկանալի գործընթացները կրկին ստիպում են մտածել, որ ՊԵԿ-ում կան պաշտոնյաներ, ովքեր շահագրգռված են այստեղ մոնոպոլ իրավունքների ձեռքբերմամբ…