Ժամանակավորապես կասեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Հիշեցնենք, որ դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաև՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Ոստիկանություն։ Ըստ փաստաբանի՝ դատավորի աշխատասենյակը կնիքվել էր մինչև դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշման ստանալը, ինչը, ըստ նրա, ապօրինի է։ Հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։ Դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացումը։
 
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է, նա փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը` ազատ արձակելով նրան։ Ինչպես երևում է, իշխանությունները անցել են ուժի բացահայտ ցուցադրության, քանի որ դատավոր Ազարյանի կեղծ ատենախոսության հարցը, որը իշխանությունները սկսեցին շահարկել վերջինիս կողմից ի օգուտ Քոչարյանի որոշում կայացնելուց հետո, չի տվել սպասված արդյունքները. դատավորները չեն վախեցել, հետևաբար անհրաժեշտ է անցնել ավելի լուրջ միջոցների կիրառման՝ ընդհուպ մինչև քրեական գործեր հարուցելու: Ընդ որում, Գրիգորյանի դեմ նման պատժիչ գործողությունները ունեն նաև մեկ այլ քաղաքական ենթատեքստ, և այստեղ արդեն խոսքը գնում է արցախյան հետքի մասին: Բանն այն է, որ Գրիգորյանն ընդունել է Արցախի նախկին և ներկա իշխանությունների միջնորդությունը, ասել է թե՝ ինքնիշխանությունը, սուբյեկտայնությունը և հեղինակությունը, մի բան, ինչը ՀՀ իշխանությունները կարծես թե չեն ցանկանում ընդունել: Այս տեսանկյունից՝ Գրիգորյանին պատժում են նաև Արցախի իշխանություններին՝ հին համակարգին, տուրք տալու համար: