Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին՝ նվիրված 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ զեկույցներով հանդես են եկել կառույցի ղեկավարը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Իր խոսքում երկրի նախագահն ընդգծել է բնակչության անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ սկզբունքային և հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Նա մասնավորապես ասել է.

«Մենք նպատակ չունենք հայտնվելու բախումների պայմաններում, որովհետև չի կարող այդպիսի բան լինել։ Բախումները տեղի են ունենում այն ժամանակաշրջանում կամ այն իրողությունների պայմաններում, երբ քաղաքական զարգացումները բերում են այդպիսի բախումների։

Մենք չունենք նման իրավիճակ մեր երկրում և չենք էլ ունեցել: Բոլոր նրանք, ովքեր ունեն երկրի բարօրությունը խախտելու նպատակ, բոլոր նրանք, ովքեր ոտնձգություն կիրականցնեն պետականության նկատմամբ, կարժանանան համարժեք գնահատականների։

Մենք առանց աղմկոտ դրսևորումների գործադրելու ենք մեր բոլոր հնարավորությունները կարգի ենք հրավիրելու անօրինական ճանապարհը ընտրածներին»։