Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի։ Նախագիծը հաստատվեց այսօրվա կառավարության նիստում։ Այն ներկայացնում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Վերջինիս խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարությունից հետո իրենք ներկայացրել են առաջարկը, ըստ որի՝ Գյումրիում կկառուցվի Արտաքին Տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը նաև կիրականացնի ավտոմքենաների մաքսային ձևակերպման գործառույթն ամբողջությամբ։

«Նախագծով խնդրում ենք տրամադրել 181 մլն դրամ, որից 41 մլն նախատեսված է մեկ անձի գնում կատարելու միջոցով նախագծա-նախահաշվային ծառայությունների ձեռքբերման, երկրաբանական-հետախուզական ծառայությունների ձեռքբերման հետ կապված», – ասաց ՊԵԿ նախագահը։

Եվս 140 մլն նախատեսվում է վարչական սարքավորումների ձեռքբերման համար։
ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ հրատապ մշակել են այս նախագիծը, քանի որ վերջին շրջանում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից Հայաստան տրանսպորտային միջոցների ներմուծման աննախադեպ աճի արդյունքում Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատուն վարչության թիվ 2 բաժիններում գոյանում են մեծ հերթեր և տրանսպորտային կուտակումներ։