Ամերիկյան եւ արեւմտյան աշխարհում խոշորագույն ներդրումային JPMorgan Chase & Co բանկը լայնամասշտաբ էքսպանսիա է սկսել, նպատակ ունենալով նվաճել Չինաստանի շուկան։ Այն կարող է սպառնալ Չինաստանի պետական Industrial & Commercial Bank of China (ICBC) բանկին, որը խոշորագույն վարկային կառույցն է Չինաստանում եւ ողջ աշխարհում։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Ըստ հրապարակման չինական ֆինանսական շուկայի հանդեպ հասանելիության ձեռք բերումն առաջիկա 10 տարիների համար համաշխարհային մեծության բանկերի համար կդառնա հիմնական շարժիչ ուժը՝ «դրայվը»։ Սակայն նրանք դեռեւս պետք է «մենամարտեն» չինական պետական բանկի հետ եւ այդ «մենամարտի» արդյունքներից է կախված, թե համաշխարհային մեծության բանկերը ինչքանով կհաջողեն չինական շուկայում։ Նշենք, որ Չինաստանի կոմերցիոն եւ արդյունաբերական բանկը տիրապետող բանկն է այդ երկրի ներքին շուկայում։ Bloomberg-ը նշում է, որ JPMorgan-ն արդեն ունի թույլտվություն հանդիսանալու նշանակալի բաժնետեր չինական համատեղ ձեռնարկությունում, որը անհրաժեշտ է, որպեսզի Չինաստանում կարողանա գործառնական գործունեություն ծավալել։ Ամերիկյան բանկը, սակայն, մտադիր է հասնել այն բանին, որ դառնա միակ բաժնետերը համատեղ ձեռնարկության, որպեսզի այդպիսով նաեւ ամբողջական վերահսկողություն ձեռք բերի Չինաստանի տարածքում իրականացվելիք գործառնական գործարքների հանդեպ։ Ամենայն հավանականությամբ դա կարող է լինել արդեն 2020 թվականին։ Վերլուծաբանները կարծում են, որ JPMorgan-ին դժվար կլինի մրցակցել ICBC-ի հետ, թեկուզ եւ նրա համար, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից արեւմտյան ֆինանսական կառույցները ավելի են տուժել։ Նշենք, որ սկսած անցյալ տարվանից Չինաստանի իշխանությունները թույլատրել են, որպեսզի համաշխարհային բանկերը կարողանան չինական ներքին շուկայում ունենալ համատեղ ձեռնարկություն՝ 51 տոկոս բաժնեմասով /մինչ այդ առավելագույն թույլատրելի բաժնեմասը 49 տոկոս էր/, ինչը քաջալերական քայլ է, հավելյալ հսկայական ֆինանսական հոսքեր չինական ներքին ֆինանսական շուկա բերելու համար։