Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին իրավամբ կարելի է համարել Փաշինյանի ձախողված թիմի հավաքական պատկերի մարմնավորում: Սարգսյանն այն մարզպետն է, ով նշանակվելուց մինչ օրս չի լուծել որևէ լուրջ խնդիր, չի բերել որևէ լուրջ ներդրում, փոխարենը գրեթե յուրաքանչյուր օր հայտնվել է այս կամ այն սկանդալի կիզակետում: Երբ մարզպետին հարցնում են, թե ինչու է մարզպետարանը սարքել ընտանեկան «դուքյան», նա փառահեղ պատասխան է տալիս, հայտարարելով, որ մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, որոնք կարող են պաշտոններ զբաղեցնել թե մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե առհասարակ Հայաստանում նրանք պետք է իրենց տեղը գտնեն, աշխատանք ունենան։ Այդպես էին մտածում նաև նախորդ իշխանության ներկայացուցիչները, այդ դեպքում գուցե Սարգսյանը բացատրի, թե որն է իր և նրանց միջև եղած տարբերությունը, և ինչու էր Գյումրիից Երևան քայլում վերջիններիս մերժելու անհագուրդ ցանկությամբ. չէ որ նույն արժեհամակարգի կրողներն էին:

Ինչպե՞ս է ստացվում, որ Նոր Հայաստանում մարզպետի «մորքուրի հարսը» մարզպետարանի «դեմքն» է և ունի մի շարք արտոնություններ, ասենք՝ աշխատանքային օրերին կարող է մեկ շաբաթով գնալ Դիլիջան՝ «Դիլիջան Ռեզորթում» հանգստանալու, այնտեղից մտնել համացանց և նկարներ հրապարակել իր ընտանեկան երջանիկ պահերից ու այդ օրերի համար նույնպես աշխատավարձ ստանալ, դեռ մի բան էլ՝ պարգևավճար: Մյուս քրոջ ամուսինը՝ Կարապետ Հարությունյանը, Գարիկի ջանքերով նշանակվել է Արարատի մարզային ՃՈ պետ: Երիտասարդ մարզպետն աչքաթող չի արել նաև իր «բաջանաղին»՝ Արտավազդ Նազարեթյանին, ով մարզպետի կնոջ հորեղբոր փեսան է: Նա նշանակվել է փոխմարզպետ: Մարզպետի քեռորդին՝ Գևորգ Մանուկյանը, նույնպես տեղավորվել է մարզպետարանում. մարզպետի օգնականն է: Իսկ մյուս օգնականը՝ Տիգրան Շիրինյանը, Սարգսյանի ընկերն է: Տպավորություն է, որ Սարգսյանի մոտ փայլուն կերպով ստացվում է միայն մերձավորներին աշխատանքով ապահովելը, իսկ մարզի բնակիչների աշխատանքի հարցը պետք է լուծեն հենց իրենք՝ արարատցիները, քանի որ մարզում դեռևս լուրջ քայլեր են անհրաժեշտ նոր աշխատատեղերի բացման ուղղությամբ: Միակ հույսը մնում է, թերևս, կոկորդիլոսաբուժարանի շուտափույթ բացումը, ի դեպ, այդ ներդրումային ծրագրից էլ դեռևս որևէ նորություն չկա…