ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Նախօրեին, Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձա նաև անցումային արդարադատության գործիքներին, և ի պատասխան այն հարցի, թե «ընդդիմությունն ասում է, որ կառավարության պատկերացրած վեթինգը չի լինելու» նշեցի.

«Մենք ոչ միայն հստակ գիտենք՝ ինչ ենք ցանկանում, այլև ունենք ռազմավարական փաստաթղթեր, որոնցից, օրինակ, Հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն արդեն հանրային քննարկումների փուլում են: Այդ ռազմավարությունը դրական վերաբերմունքի ու գնահատականի է արժանացել միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության կողմից:

Անցումային արդարադատության որոշակի տարրերի մասին անդրադարձ կլինի նաև դատաիրավական ռազմավարության փաստաթղթում, որն առաջիկայում կհրապարակվի: Մենք պատրաստվում ենք ձևավորել նաև հատուկ խումբ սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին: Այսինքն՝ բոլոր աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում: Ինչ վերաբերում է դատավորների և այլ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման մեխանիզմներին, ապա արդեն պատրաստ է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, որը ներքին քննարկումների և որոշակի շտկումներից հետո այս ամսվա ընթացքում կդրվի հանրային քննարկման»: