ՀՀ առողջապահության նախարարությունը դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու նախագիծ է մշակել, որի նպատակն է նվազեցնել բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

«Դեղատոմսով բաց են թողնվելու հետևյալ դեղերը՝ հսկվող դեղեր և դեղանյութեր, թմրամիջոցները և հոգեմետ դեղեր, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ՝ հակավարակային դեղերի մասով։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված մնացած դեղատոմսով դուրս գրվող դեղերի համար սույն որոշումը ուժի մեջ կմտնի միայն 2023 թվականից, էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ որոշման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված մոտ 5 հազար դեղերից միայն 13 տոկոսը կներառվեն դեղատոմսով բաց թողնվողների շրջանակներում։

«Վերանայվել են դեղատոմսերի ձևերը. դրանք ավելի պարզեցվել և հստակեցվել են։ Սահմանվել են էլեկտրոնային և թղթային դեղատոմսերի դուրսգրման պայմանները։ Բացի այդ, սահմանվել են դրույթներ դեղատոմսերում սխալների կամ անճշտությունների առկայության դեպքում դեղագետի գործողությունների վերաբերյալ»,- ասաց Ավանեսյանը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի կարծիքով՝ նախագիծը ընդունելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ անասնաբուժության ոլորտում, որովհետև անասուններին բուժելու նպատակով դեղ գնելիս հարց է առաջանում, թե ով է այդ դեղատոմսը դուրս գրելու և ով իրավունք ունի այս պահին այդ գործառույթը իրականացնելու, հատկապես՝ հակաբիոտիկների մասով։

«Այո, հակաբիոտիկների շրջանառությունը պետք է լինի վերահսկելի, սակայն տվյալ նախագիծը կարգավորում է նաև անասնաբուժական դեղերի դուրսգրումը դեղատոմսերի միջոցով... Ոլորտի պատասխանատուները և մասնագետներն անհանգստություն ունեն, որ այս կարգը դրան չի ծառայելու, և այս կարգում հենց անասնաբուժական դեղամիջոցների ներառումը կարող է խնդիրներ առաջացնել ոլորտում»,- ասաց Ավանեսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում խնդիրը մանրամասն քննարկել և որոշում կայացրեց այն վերադարձնել կոմիտե՝ հասկանալու, թե արդյոք պրակտիկայում կարող են խնդիրներ առաջանալ։