ՊԵԿ-ը հրապարակել է 2019 թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի՝ հավաքագրվել է 511 մլրդ դրամի հարկ` 64 միլիարդով (14.4%) ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ ՀՀ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունը պետական բյուջե է վճարել 29.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր: Երկրորդ խոշոր հարկատուն «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 28.2 մլրդ դրամ հարկերով։ Վերջինիս հաջորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որի վճարած հարկերը կազմել են 22.7 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ՝ 1000 խոշոր հարկատուների առաջին երեք կազմակերպությունները միասին վճարել են ընդհանուր վճարած հարկերի շուրջ 16%-ը։ Չորրորդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ն է՝ վճարած 9.4 մլրդ դրամ հարկերով։ Հաջորդ խոշոր հարկատուներն են «Գոեպրոմայնինգ գոլդը»՝ 9.1 մլրդ դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 7.7 մլրդ դրամ, «Ֆլեշ» ընկերությունը՝ 7.6 մլրդ դրամ, «Ակվիլոն Թրեյդ»-ը՝ 6.5 մլրդ դրամ, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն՝ 5.1 մլրդ դրամ վճարած հարկերով և տուրքերով։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակը եզրափակում է «ԱՐՄԵՆԻԱ» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարելավել է դիրքերը 18 կետով կամ 2.2 մլրդ դրամով ավել հարկեր է վճարել պետական բյուջե։ Նկատենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ հաշվետու տարվա նույն ժամանակաշրջանում խոշոր հարկատուների առաջին տասնյակից դուրս են մնացել «Ալեքս Հոլդինգ» (զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը), «Ջեյ Թի Այ Արմենիա» (զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը), «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» (զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը) ընկերությունները։
 
Իհարկե ուշագրավ է, թե ինչպես է ստացվել, որ Սամվել Ալեքսանյանի վճարած հարկերը կիսամյակ առ կիսամյակ նվազում են: Այդ տենդենցը վերաբերվում է նախկին իշխանությունների հետ այս կամ այն կերպ կապված բոլոր գործարարներին, սակայն հատկապես Ալեքսանյանի պարագայում այդ կտրուկ անկումը հատկապես տեսանելի է: Իհարկե, կարելի է ենթադրել, որ Ալեքսանյանը փոխել է հարկերի վճարման ձևը, մասնավորապես՝ նոր Հայաստանում գործարարը որոշել է հարկերի վճարումը ներկայացնել նորովի, ոչ թե մեկ, այլ մի քանի կազմակերպության անվամբ։ Որ Ալեքսանյանը նախկինում էլ հաճախ էր իր տնտեսական գործունեությունն անընդհատ մեկ կազմակերպությունից տեղափոխում մեկ այլ, նորություն չէ։ Հասկանալի է, որ դա ինքնանպատակ չէ։
Արդեն կարծես փոխարինող է պատրաստվում նաև «Ալեքս Հոլդինգի» համար։ Իշխանափոխությունից անմիջապես հետո գործարարը գրանցեց նոր ընկերություն` «Ալեքս Էնդ Հոլդինգ», որը գնալով ընդլայնում է գործունեությունը։
 
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախկինում իշխանության կերակրատաշտին մոտ կանգնած օլիգարխները քիչ հարկեր էին վճարում, քանի որ բյուջե գումարները դնելու փոխարեն դնում էին դրանք ճամպրուկների մեջ և տանում Բաղրամյան 26 հասցեով: Հետաքրքիր է, արդյո՞ք հիմա էլ են այդ նույն օլիգարխները ճամպրուկներով թակում իշխանության դուռը, թե՞ իսկապես նրանց գործերը Նոր Հայաստանում այդքան վատացել են…