Դատավորներին վեթինգի ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծն արդեն պատրաստ է։ Արդարադատության նախարարությունն այն ներկայացրել է հանրային քննարկման։ Հատկանշական է այն հագնամանքը, որ օրենքի նախագծում «վեթինգ» եզրը չի հիշատակվում. դրա փոխարեն խոսվում է դատավորների բարեվարքության գնահատման մասին։ Մյուս կողմից, պետք է փաստել, որ այս նախագիծը բազմաթիվ մութ անկյուններ ունի, և դրանից, մեղմ ասած, վերջնագրի հոտ է գալիս: Բանն այն է, որ, ըստ երևույթին, Փաշինյանն ու իր թիմը գծել են վեթինգի իրենց ուրույն ծրագիրը՝ գործարք առաջարկելով ՍԴ դատավորներին:

 

Մասնավորապես, նախագիծը առաջարկում է, որ դատական օրենսգրքով սահմանվի ՍԴ դատավորի համար հրաժարական տալուց հետո ցմահ քաղցր կյանք: Մասնավորապես, եթե ՍԴ դատավորն արագ հրաժարական տա, ապա առանց աշխատելու նույնքան աշխատավարձ կստանա այնքան ժամանակ, որքան կստանար, եթե չտար հրաժարական: Ավելին, կօգտվի սոցիալական բոլոր այն իրավունքներից, որն ունի գործող դատավորը: Էլ ավելին` դրանից հետո էլ կստանա ցմահ բարձր թոշակ: Այլ կերպ ասած՝ հեռանալու դիմաց դատավորներին գումար են խոստանում, և ինչ է սա, եթե ոչ վերջիններիս գնելու փորձ: Բացի այդ, սահմանվում են դատավորներին քրեական պատասխանատվության նոր մեխանիզմներ, որոնք էականորեն կարձակեն իշխանությունների ձեռքերը այն դատավորներին պատասխանատվության կանչելու հարցում, ովքեր կհրաժարվեն կառավարության առաջարկած քաղցր կյանքից:

Բացի այդ, առաջարկվում է դատավորի տարիքային ցենզը իջեցնել մինչև 25 տարի, այս քայլն էլ կարելի է հասկանալ և բացատրել. քաղցր կյանքը նախընտրած դատավորների փոխարեն իշխանությունը ՍԴ-ն կոմպլեկտավորելու է յուրայիններով, ինչպես միշտ առաջ տանելով՝«երիտասարդներին պետք է ճանապարհ տալ», «թողեք թող աշխատեն» կարգախոսները: Կասկած անգամ չկա, որ դրանից ՍԴ որակը և մասնագիտական պատրաստվածությունը տուժելու է, այդպես չէր հայ հասարակությունը պատկերացնում վեթինգի գործընթացը, սակայն այդպես են սույն գործընթացը պատկերացնում իշխանությունները, որոնք ձգտում են ցանկացած ճանապարհով և օր առաջ փոխել ՍԴ կազմը: Տեսնես ինչի՞ց են փորձում ապահովագրվել…