ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը չի շտապում հստակ նշել, թե «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018 թվականների ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման գործընթացում թույլ տրված հնարավոր չարաշահումները անփութության արդյո՞ւնք են, թե կոնկրետ կոռուպցիոն դրսևորում: Այս մասին Հովհաննիսյանը հայտնեց օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Կատարվածն անփութություն, թե կոնկրետ կոռուպցիոն դրսևորում, դրա պատասխանը կտա նախաքննական մարմինը: Ամեն դեպքում ձեռք բերված տեղեկությունները բավարար են եղել գնահատելու համար, որ այդ գործարքը տեղի է ունեցել չարաշահումների արդյունքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Օգոստոսի 7-ին ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և ՉԺՀ-ում գրանցված «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՊՈԱԿ-ին մատակարարված ընդհանուր 25.000 հատ«Pax S 900» մոդելի հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով: Ըստ էության, հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռք բերման համար ՀՀ կառավարության կողմից ավելի գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար:

Նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ: