ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Հանդիպման նպատակն էր քննարկել երկու բարեկամ պետությունների անվտանգության մարմինների միջեւ փոխգործակցությանն ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։

Ա․ Վանեցյանը նշել է, որ Չինաստանը բարեկամական եւ գործընկեր պետություն է, որի հետ Հայաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նա հույս է հայտնել, որ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջեւ համագործակցությունն ավելի կամրապնդվի՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Թ. Էրլունը նշել է, որ դեսպանությունը մշտապես պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ տարբեր հանցագործությունների դեմ պայքարի եւ ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցերում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ կադրերի վերապատրաստման, կոռուպցիայի եւ այլ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի բնագավառում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: