ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

 

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Նիդեռլանդներից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։ Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային ավտոբուսով շրջայց է կատարել Երևանի զբոսաշրջային հանգույցներում՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախօրոք նախագծված երթուղով։

Երկու տասնյակից ավելի զբոսաշրջիկների համար անակնկալ էր ինչպես այցելությունների երթուղին, այնպես էլ «ուղեկցող զբոսավարը»։

 

Վերջին կանգառը ՀՀ կառավարություն մասնաշենքն էր, որտեղ վարչապետի ուղեկցությամբ խումբը ծանոթացել է ճարտարապետական կառույցին։ «Հայաստանի գինեգործների և խաղողագործների հիմնադրամ»-ի կողմից հատուկ հյուրերի համար կազմակերպվել է հայկական գինիների համտես: Շրջայցի ավարտին վարչապետը հյուրերին նվիրել է հատուկ փաթեթներ` Հայաստանի մասին ճանաչողական նյութերով և հուշանվերներով:

Հուշանվերների շարքում խորհրդանշական էին հատուկ այս առիթով պատրաստված կրծքանշանները` «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գրությամբ, որը օրվա յուրահատուկ հուշ կդառնա զբոսաշրջիկների համար:

 

Ակցիայի արդյունքում կստեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակը Academy Films-ի կողմից, որը լայն տարածում ստանալով` հնարավորություն կտա բարձրացնելու Հայաստանի մասին զբոսաշրջիկների իրազեկվածության մակարդակը և խթանելու Հայաստանը օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում: