Իջևանյան հայտնի դեպքերից հետո ամենաբարձր մակարդակով հանրությանը հավաստիացնում էին, որ ծառահատման ցանկացած դեպք պատժվելու է օրենքի ողջ խստությամբ: Վարչապետի խիստ հրահանգը նույնպես բոլորս քաջ հիշում ենք. Փաշինյանը, մասնավորապես, ասել էր՝ «Եվ ընդհանրապես, ի՞նչ է տեղի ունենում այդ ոլորտում, ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ ստեղծվում: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք այս թեմայով խոսակցություն նույնպես ունեցել ենք: Մենք ասել ենք, որ վճռականորեն պետք է կասեցնենք այդ գործընթացը, բայց ստացվում է, որ երբ մենք էկրանների առաջ, ամբիոններից հայտարարություններ ենք անում, ինչ-որ մարդիկ մեզ նայելով' քմծիծաղ են տալիս և 1, 2, 3 օր դադարից հետո իրենց նույն գործողությունները նույն ձևով շարունակում: Խնդրում եմ, ներկայացրեք այս իրավիճակի առնչությունն օրենքի և օրինականության հետ»:

Թե որքանով է այդ գործընթացը կասեցվել, կարելի է դատել այն հանգամանքից, որ անտառահատները շատ հանգիստ շարունակում են իրենց սև գործը անել. համացանցում և մամուլում վերջին օրերին պարբերաբար հայտնվում են հրապարակումներ առ այն, որ Իջևանի մի շարք բնակիչներ շարունակում են ապօրինի անտառահատումը մի պարագայում, երբ մարզպետ Չոբանյանը հայտարարել էր, որ նման դեպքեր այլևս չեն արձանագրվի: Արձանագրվում են, հետևաբար, արվում են նաև հետևություններ:

Կա´մ մարզպետի, տեսչական մարմնի և վարչապետի «դաբրոյով» փայտի մաֆիան շարունակում է ծլել, ծաղկել և բարգավաճել, կա´մ՝ հին փայտի մաֆիան խաղից դուրս է մղվել, և այժմ արտոնյալ է սեփական մաֆիան, կա´մ՝ օրը ցերեկով այդ նույն փայտի մաֆիան չլսելու է տալիս վարչապետի հրահանգը, դրսևորում է բացահայտ ցինիզմ և շարունակում է իրեն անչափ վստահ ու հարմարավետ զգալ․ այս դեպքում էլ պետք է պատասխան տան պատկան մարմինները և իհարկե մարզպետ Չոբանյանը, ով վստահեցնում էր, որ ծառահատման որևէ դեպք այլևս չի արձանագրվի: