ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով օգոստոսի 19-ին կայացած հանդիպման ընթացքում վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը. կառավարությունը ոչ մի կոռուպցիոն կաշկանդող կապ չունի ոչ Ամուլսարի, ոչ էլ որևէ հանքի կամ բիզնեսի հետ:

 

Պետական պատկան մարմինների, ինչպես նաև ջերմուկցիների, բնապահպանների և խնդրով շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում նա մեջբերել է 2018 թվականի հուլիսի 28-ին արած իր հայտարարությունից մի հատված:

«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում՝ հնարավորություն տալ Կառավարությանը, որպեսզի զբաղվի այս հարցով: Ես չեմ հասկանում քաղաքացիական անհնազանդության այն գործողությունը, որ շարունակում է տեղի ունենալ Ամուլսարում: Ես խնդիր ունեմ այդ գործողության նպատակը հասկանալու իմաստով, որովհետև այն կարող է երկակի մեկնաբանությունների տեղիք տալ: Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե որ մեկնաբանությունն է առավել ճշգրիտ: Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել քաղաքացիական անհնազանդության այդ բոլոր գործողությունները և հնարավորություն տալ Կառավարությանը զբաղվել այդ խնդիրներով և փաստերի հիման վրա լուծել այդ խնդիրները»,- նշել է Փաշինյանը և հավելել, որ չեն կարող կայացնել  չինֆորմացված որոշումներ, այնպիսի որոշումներ, որի ճշմարտացիության մեջ 100 տոկոսով համոզված չեն:

 

Իր հայտարարության ժամանակ վարչապետը հույս էր հայտնել, որ բոլորն էլ հասկանում են, որ կառավարությունը ոչ մի կոռուպցիոն կաշկանդող կապ չունի ոչ Ամուլսարի, ոչ էլ որևէ հանքի կամ բիզնեսի հետ:

 

«Չկա այնպիսի մի սուբյեկտ, որի հետ կապված մենք ինչ-որ կաշկանդվածություն ունենաք:  Բոլոր դեպքերում մեր գործողությունները պետք է հիմնված լինեն փաստերի վրա: Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ հնարավորությունն ունենանք, ընդ որում՝ առանց նախապայմանի: Ինձ համար հասկանալի չեն նաև այս պարագայում քաղաքացիական անհնազանդության գործողությունները և, եթե դրանց նպատակը սաբոտաժը և Կառավարության համար փակուղային իրավիճակներ ստեղծելը չէ, ապա կոչ եմ անում դադարեցնել: Եկե՛ք, օգնե՛ք մեզ և մի՛ խանգարեք, որպեսզի մենք որոշումները կայացնենք հիմնվելով բացառապես այդ փաստերի վրա: Հնարավոր է, որ իրականությունն այնպիսին չէ, ինչպիսին երևում է, որովհետև կարող է գործողությունների նպատակն այն չէ, ինչի մասին հայտարարվում է: Սա է մեր դիրքորոշումը»,- շեշտել էր Նիկոլ Փաշինյանը: