Ամուլսարի հանքի շահագործման շուրջ կրքերը չեն հանդարտվում:
Իհարկե, հարցն արդեն դուրս է բնապահպանական տիրույթից, քանի որ բողոքի գործողություններին միացել են օրվա իշխանությունների հետ ոչ բարիդրացիական հարաբերություններ ունեցողները:
Հնչող գնահատականները զուրկ են մասնագիտական հիմնավորումներից, հիմնական թիրախը եզրակացությունում տեղ գտած որոշ հատվածներն են, որոնցում օգտագործվում են, «թերի է», «առկա են ռիսկեր» և նմանատիպ ոչ հստակ ձևակերպումներ:

Իջևանյան դեպքերից հետո, սա կարծես երկրորդ մեծ կռվանն է իշխանության և քաղաքացիների միջև: Իջևանում տեղի ունեցածին տրվեց իրավական գնահատակ և դրանով վերջ դրվեց հարցին:
Արդեն ակնհայտ է, որ իշխանությունները անհրաժեշտության դեպքում՝ այսինքն հանքի ճանապարհը համառորեն փակ պահելու դեպքում ևս գնալու են իրավական ճանապարհով:

Եթե Իջևանի դեպքով վարչապետի հենարանը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էր, ով Տավուշի մարզի համայքների ղեկավարների հետ հանդիպումով վերջ դրեց խժդժություններին, ապա Ամուլսարի հարցում վարչապետի հենարանը թերևս Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն է:

Այս ամենը ավելի ակնհայտ դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ ժամից ավել տևած ուղիղ եթերից հետո, որտեղ հստակ արտացոլված էր վարչապետի վստահությունն առ Հայկ Գրիգորյան և Քննչական կոմիտե, քանի որ վերջինիս ամեն բառը հղում էր անում կառույցի ղեկավարին և քրեական գործի նյութերին:
Իհարկե այդ վստահությունը խորը արմատներ ունի: Քննչական կոմիտեն Ամուլսարի հարցով պատշաճ քննություն է իրականացրել: Ապահովել է գործի թափանցիկությունը, ինչը ամենակարևորն է:

Եվ այսօր հնչող գնահատականները, թե Էլարդի փորձաքննությունը վստահություն չի ներշնչում, կամ որ Կոմիտեն պետք է արգելի հանքի շահագործումը, փաստում է մի բան, որ ընդդիմախոսները չունենալով մասնագիտական գիտելիքներ և պատրաստվածություն կատարում են սիրողական մակարդակի վերլուծություններ և փորձում դրանք որպես 100 տոկոս ճշմարտություն հրամցնել հասարակությանը:

Մինչդեռ ընդամենը պետք է ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը և հասկանալ մի պարզ բան, որ Քննչական կոմիտեն նախաքննություն իրականացնող մարմին է և հանք բացելու կամ փակելու գործում չունի ոչ մի լիազորություն: Իսկ ինչ վերաբերում է Էլարդի փորձաքննության ոչ արժանահավատ լինելուն ապա Քննչական կոմիտեն նախապես հայտարարել է մրցույթ, իրականացրել հանդիպումներ շահագրգիռ մարմինների հետ, որոնք չեն առարկել Էլարդի կողմից փորձաքննություն իրականցնելու հանգամանք:

Բացի այդ՝ Քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դարձրել, ոչ միայն Լիդիան Արմենիա ընկերության տրամադրած տեղեկատվություն, այլ նաև բնապահպանների՝ Կոմիտեին տրամադրած վերլուծությունները: Այս ամենից հետո կարող ենք հետևություն անել, որ Էլարդի փորձաքննության եզրակացության համար հիմք են հանդիսացել երկու կողմի ներկայացրած վերլուծությունները և խոսք անգամ չի կարող գնալ եզրակացության կողմնակալ լինելու մասին: